Ճապոնիայում բժիշկներին հաջողվել է փրկել պատմության մեջ ամենափոքր նորածին տղայի կյանքը

Ճապոնիայում հիվանդանոցից դուրս են գրել նորածին տղային, որը ծնվելու պահին կշռել է 268 գրամ: Այդ մասին Lenta.ru-ի փոխանցմամբ` հայտնում է The Japan Times-ը:

Աղբյուրի հաղորդմամբ` երեխան ծնվել էր հղիության 24-րդ շաբաթում (նորմալ ժամանակահատվածը 38 շաբաթն է)` կեսարյան հատման միջոցով: Փոքրիկը հանգիստ տեղավորվել է չափահաս մարդու երկու ափերի մեջ, նրա քաշը 10 անգամ պակաս է եղել ժամանակին ծնված երեխայի քաշից:

Ծնվելուց հետո նորածնին տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ նա մնացել է մոտ 6 ամիս: Այդ ժամանակահատվածում նրա քաշը հասել է մինչև 3238 գրամի: Ըստ բժիշկների`փոքրիկը հիվանդանոցից դուրս է գրվել լիարժեք առողջ:

Տոկիոյի Կեյո համալսարանի մասնագետները նշել են, որ փոքրիկը պատմության մեջ առաջին ամենափոքր նորածին տղան է, ում կյանքը հաջողվել է փրկել: Աշխարհում միայն 23 դեպք է հայտնի, երբ փրկվել են 300 գրամից պակաս ծնված երեխաներ: Նրանցից միայն չորսն են եղել արական սեռի: Ամենափոքր աղջիկը ծնվել է 2015 թվականին` Գերմանիայում, և կշռել է 252 գրամ:

Այս թեմայով
am