Ինչպես «հեղափոխական» կանայք 10 ամսում քանդեցին մշակույթը

iravunk.com-ը գրում է. Վերջին 10 ամիսներին նոր իշխանության ծրագիրը` Հայաստանն առանց մշակույթի, կամաց-կամաց լիարժեք է դառնում: Այնպիսի տպավորություն է, որ մշակույթն իր մեջ կրող Լիլիթ Մակունցն ու վերջին ամիսներին նրան փոխարինող Նազենի Ղարիբյանը թշնամանք ունեն մշակույթի հանդեպ:

Այս ամիսների ընթացքում հետեւելով նրանց խոստացած մշակութային յուրահատուկ քաղաքականությանը` պարզ է դառնում, որ նպատակը մեկն է` հիմնահատակ քանդել դարերով մեզ հասած ու թշնամու ձեռքից ատամներով պահած հայ մշակույթը, իսկ անուն էլ դրել են բարեփոխումներ: Այդ բարեփոխման անվան տակ երբեմն շեշտում են, թե նախկինները, այդ թվում եւ մշակույթի անվանի գործիչները, կոռումպացված են, ուստի` նախարարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ների փորձառու ղեկավարներին անփորձ երիտասարդներով փոխարինելով` համարում են հարցը լուծված:

ՀԵՐԹԱԿԱՆ ֆՈԿՈՒՍՆԻԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՇՈՒՐՋ
ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆԱԾԸ ՆՈՐԵՐՆ ԻՐԵՆՑՈՎ ԱՐԵՑԻՆ

Ինչեւէ, պաշտոնավարման առաջին ամիսներին մշակույթի նախկին նախարար, այժմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը դեռ նախկինների նախաձեռնած ու պլանավորած միջոցառումներն էր կյանքի կոչում` այն վերագրելով իրենց ամիսների չարչարանքի արդյունք, խոսենք օրինակներով`

1. Գյումրիի երկրագիտական թանգարանի վերակառուցումը, որը դեռեւս Արմեն Ամիրյանն էր նախաձեռնել ու մինչ հեղափոխությունը բազմիցս խոսել էր դրա լուծումների ճանապարհների մասին, Մակունցն ու իր փոխնախարարական թիմը դա կյանքի կոչեց` համարելով իրենց աշխատանքի արդյունք եւ թանգարանի ստեղծման համար հայտարարելով դրամահավաք: Բայց ամիսներ անց ոչ ոք այդ թանգարանի մասին ո՛չ հիշատակում է, ո՛չ էլ պարզ է, թե իչ ճակատագրի է արժանացել:

2. Ողջ 2018-ին Գորիսը համարվեց ԱՊՀ մշակութային մայրաքաղաք, որին Մշակույթի նախարարությունը նախապատրաստվում էր դեռ 2017-ից ու մինչ երկրում տեղի ունեցած իշխանափոխությունը մեկ տարվա հստակ ծրագիրը կազմված էր ու հեղափոխությունից հետո` մշակութակիր նախարար Մակունցը հայտնի ֆիլմից Մուրադի դեմքով ազդարարեց Գորիսը որպես մշակութային մայրաքաղաք ու հայ եւ օտարերկրյա լրատվամիջոցներին հպարտացավ, որ շքեղ բացման միջոցառումներն իրենց նախաձեռնությունն ու ամիսների չարչարանքի արդյունքն է: Այ, իսկ ամիսներ անց փակման արարողության մասին նույնն ասել չենք կարող, քանի որ առավել քան անկազմակերպ, խղճուկ հանդեսներ, երեւի թե, տեղացիների համար նորություն չէր, քանի որ տեսնում են դպրոցների ու մանկապարտեզների հանդեսների ժամանակ, իսկ օտարերկրյա մասնակիցների դժգոհություններն անասելի էին, երբ Ղազախստանի պատվիրակությունը, չհամբերելով լուսաբացին, գիշերով տաքսի էին վարձել ու հեռացել Գորիսից Երեւան...

ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԻ ԹՈՂԱԾ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»

1. Լիլիթ Մակունցի պաշտոնավարման ամիսներին մշակութային նորամուծությունները սկսվեցին թավշյա թանգարանի հիմնելու գաղափարով, որը հանրության բուռն արձագանքից հետո` վերածվեց թավշյա ցուցադրության: Սակայն այն տեղի ունեցավ ծածուկ` լրատվամիջոցների աչքից հեռու:

2. Մակունցի մտքի թռիչքը հիմնեց հատուկ «սելֆիի ժամ»: Եվ արդեն գագաթնակետին հասավ կենտրոնի պուրակները ծանրաբեռնել անիմաստ դաշնամուրներով` «ՓՈՒՇ» նախագծին ֆինանսավորելով:

ՄԻ ՇԱՐՔ ԱՆՎԱՆԻ ՓԱՌԱՏՈՆԵՐ ՈՒ ԾՐԱԳՐԵՐ ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ, ՄԻ ՄԱՍԻ ԿԱՅԱՑՈՒՄՆ ԷԼ ԿԱՍԿԱԾԵԼԻ Է

Մակունցին փոխարինող Նազենի Ղարիբյանը բառացիորեն շարունակում է իրագործել նախորդի անիմաստ նախագծերը` արդյունքում դադարեցնելով արդեն հայաստանյան իրականության համար հեղինակություն դարձած տարբեր փառատոների ու նախագծերի ֆինանսավորումը:

1.Նախորդ տարի Մակունցի թեթեւ ձեռքով տեղի չունեցավ Մնջախաղի փառատոնը, չկայացման վտանգի տակ էր «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, որին նույն բանն է սպառնում նաեւ այս տարի:

Փոխարենը նախարարությունը հայտարարել է դրամաշնորհային ծրագրերի մրցույթ, ըստ որի, եթե հաղթահարեն բալային սիստեմը, ուրեմն` ֆինանսավորում կստանան նախարարության կողմից, եթե` ոչ, ուրեմն` դրանց կայացումը կասկածի տակ է դրված, ընդ որում` նաեւ արդեն հեղինակավոր փառատոների ու մշակութային այլ նախագծերի ու ծրագրերի:

2.Նախորդ տարի Հայաստանը ԱՊՀ անդամ պետությունների Դելֆյան երիտասարդական խաղերին մասնակցություն չունեցավ` նախարարությունը ֆինանսավորում չգտավ դրա համար, այն դեպքում երբ նախորդ տարի Հայաստանի ներկայացուցիչները 16 մեդալ նվաճած էին վերադարձել Հայաստան:

3.Թեպետ Մշակույթի նախարարության վերջին երկու հեղափոխական ղեկավարներն ասում էին, որ մարզի բնակիչը չպետք է անմասն մնա մայրաքաղաքում տեղի ունեցած մշակութային կյանքից, բայց իշխանության անցնելուց հետո` դադարեցրին մշակույթը մայրաքաղաքից մարզեր տանող «Մշակութային կանգառ» ծրագրի ֆինանսավորումը:

Փոխարենը որոշել են` թանգարաններից կտավները տեղափոխել մարզեր, հաշվի չառնելով, որ կան մարզային քաղաքներ, որ անգամ Մշակույթի տուն ասվածը չունեն: Դրա լուծումը գտան այդ կտավները դպրոցներ տանելով, որտեղ առաջին թշամին կարող է դառնալ դպրոցի ոչ կանոնավոր ջեռուցումը ու սովորական ջրաներկով դասընկերոջ նկարած նկարի ու անվանի վարպետների ձեռքի կտավների միջեւ տարբերությունը չգիտակցող աշակերտը: Ի՞նչ կա որ, համ թանգարանների ֆոնդերը կթեթեւանան, համ էլ` իր կյանքում Ազգային ու պատմության թանգարանի տեղը ու գոյությունն ու դրանցում պահպանվող արժեքավոր կտավների ու մասունքների արժեքը չգիտակցող մարզի աշակերտը իր ուզածի պես «կշփվի» արվեստի գործի հետ, որի վերականգնում էլ գուցե որոշ ժամանակ անց անիմաստ լինի:

ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵՑ ԴՍՏԵՐ ԾՐԱԳԻՐԸ

Թեպետ նոր իշխանությունները պաշտոնի են եկել` երկրում տիրող կոռուպցիան, մենաշնորհը խնամի-քավոր-ծանոթ-բարեկամին աջակցելը վերացնելու, բայց բառացիորեն անում են հակառակը` անձնավորված ֆինանսավորում են իրականացնում:

Վերջին ամիսներին մշակութային գործիչների դիտարկմամբ` մշակույթի գլխին չարիք դարձած նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը, թեպետ ասում է, որ ամեն ինչ պետք է արդար ու թափանցիկ լինի, որ ատում է ստախոսությունը, բայց բոլորին ստախոս ու խաբեբա անվանելով` ստացվում է ինքն է հայտնվում այդ իրավիճակում: Վերոնշյալ արդարամիտ նախարարի պաշտոնակատարը ամիսներ առաջ, բոլորից թաքուն ֆինանսավորել է դստերը` «ՓՈՒՇ» դրամաշնորհային ծրագրին` գումարների մի մասն ուղղելով: Սակայն, երբ ամեն ինչ ջրի երես դուրս եկավ` տիկին Ղարիբյանը արդարացավ, թե ինքն անտեղյակ է եղել, որ դուստրը որեւէ կապ ունի այդ ծրագրի հետ:

ՂԱՐԻԲՅԱՆԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ Է ԱՄՈՒՍՆՈՒ ԳՐՔԻ ՏՊԱԳՐՈՒԹՅՈ՞ՒՆԸ

Ըստ չճշտված տեղեկությունների` ասում են նաեւ, որ Ղարիբյանը նախարարության միջոցներով ֆինասավորել է ամուսնու գրքի լույսընծայումը, այն դեպքում, երբ իշխանության գալուց հետո Ղարիբյանն ու Մակունցը դադարեցին արդեն տպարանում գտնվող մի շարք գրքերի ֆինանսավորումը, հետեւաբար նաեւ նրանց լույսընծայումը: Այդ թվում` նաեւ Ջեմմա Անանյանի գիրքը, ով մահվան մահճում փափագում էր տպագրված տեսնել իր վերջին գիրքը, ինչն էլ նրա համար այդպես էլ փափագ մնաց:

Բացի մտերիմների մտքի գոհարների ֆինանսական աջակցություն ցուցաբերելուց նախարարության վերջին ղեկավար տիկինները աջակցությունից առաջ կարեւորություն են տալիս երկու հանգամանքի. նախ պետք է «հեղափոխության» օրերին իրենց հետ քայլած լինեն, կամ էլ` «հեղափոխությունից» հետո իրենց «գործ» տան` ոլորտում իրենց չենթարկվող մշակութային գործիչների մասին, որից հետո, անշուշտ, կվաստակեն կամ մրցույթների մեկնելու աջակցություն, կամ էլ` նախարարության ենթակայության տակ գտնվող որեւէ ՊՈԱԿ-ում ախորժելի պաշտոն: Վերջինի դեպքերը մի քանիսն էին, նույն Ն. Ղարիբյանը իր մտերիմ ընկեր Սուրեն Շահվերդյանին մի քանի անգամ փորձեց աշխատանքի տեղավորել մի քանի թատրոններում, որպես գեղարվեստական ղեկավար կամ տնօրեն, բայց ընդվզումների հանդիպելով` վերջինս, վատ դրության մեջ հայտնվելով մի դեպքում ինքնակամ հրաժարական տվեց, մյուս դեպքում էլ` պարզապես չհասավ այդ աթոռին:

Ամիսներ առաջ էլ Ն. Ղարիբյանը Խորեոգրաֆիայի թատրոնի տնօրենի պաշտոնում, նախորդին դեռ չհանած, նշանակեց Լիլիթ Փալանջյանին, ով ասում են կրկին տիկին Ղարիբյանի մտերիմ ընկերուհին է, ում նույնպես կոլեկտիվը ընդվզեց, ու մինչեւ այժմ հարցը մնացել է օդում` անլուծելի:

-Նույն սկզբունքով Ն. Ղարիբյանն ընկած է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հետեւից ու ջանք է գործադրում նրան վարկաբեկելով ազատի տնօրենի հաստիքից ու փոխարենը նշանակի մի երիտասարդի, որի միակ արժանիքն այն է, որ հեղափոխության օրերին քայլել է իրենց հետ: Ում համար, երեւի թե, օպերային թատրոնը ընդամենը գեղեցիկ ու կլոր շենք է, որի մուտքի աստիճանները երբեմն բեմահարթակ են ծառայել` հարակից Ազատության հրապարակում հաճախ կայացած հանրահավաքների ժամանակ: Նոր իշխանություններից շատերի համար օպերայի կլոր շենքը հենց այդ հանրահավաքներով էլ հավանաբար տպավորվել է:

«ԳՈՐԾ» ՏՎՈՂԸ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԽՐԱԽՈՒՍՎՈՒՄ Է ՊԱՇՏՈՆՈՎ ՈՒ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Այնուամենայնիվ, Մշակույթի նախարարության այժմյան ղեկավարությունը առաջնորդվում է` ով բողոքի, ու ով լավ գործ կտա, նա էլ կխրախուսվի չափանիշներով ու աջակցություն կստանա նախարարության կողմից:

Օրինակ` երբ Նիկոլ Փաշինյանը «Արամ Խաչատրյան» համերգասրահում հավաքել էր մշակույթի գործիչներին, այդ ժամանակ գուցե մտաբերեք ներկաներից մեկին, ով բողոքեց օպերային թատրոնից` ասելով որ այնտեղ օրբելյանական մենաշնորհ է տիրում, ու վարչապետն էլ խոստացավ զբաղվել այդ հարցով: Հետաքրքիրը դրանից հետո տեղի ունեցածն է, այդ նույն բողոքական երգչուհին` Անի Պիվազյանը, ում երաժշտական ասպարեզի մասնագետները, մասնավոր զրույցներում որակում են որպես ցածր տվյալներ ունեցող երգչուհի, դրանից հետո ստացավ նախարարության ֆինանսական աջակցություն` Մակունցի ու Նազենի Ղարիբյանի ձեռամբ, ու մեկնեց միջազգային մրցույթի: Սակայն այդպես էլ ոչ մի արդյունք չգրանցելով` լռակյաց վերադարձավ Հայաստան ու հատկանշական է, որ այդ մասին ո՛չ մի տեղ, ո՛չ մի լուր չի հիշատակվում:

Սակայն հենց այդ նույն ժամանակաշրջանում կմտաբերեք, որ օպերային թատրոնի բալետի արտիստ, այսօր արդեն լուսահոգի Վահագն Մարգարյանը, հունիսին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայացած Բալթյան 4-րդ միջազգային բալետային մրցույթում արժանանացել էր 2-րդ գլխավոր մրցանակի, քանի որ 1-ին մրցանակային տեղ ընդհանրապես չի եղել: Ցավն այն է, որ Նազենի Ղարիբյանը մերժել էր նախարարության աջակցությունը ցուցաբերել Վահագնին, ինչ է թե Օրբելյանն էր նախարարին անձամբ խնդրել ու երաշխիքներ տվել, որ Վահագնը կվերադառնա մրցանակով: Բայց նախարարության ղեկավարները, քանի որ նրա վրա ատամ ունեին, հակառակվելով Օրբելյանին` մերժեցին ֆինանսավորումը:

Ի դեպ, նույն սկզբունքով Մակունցն ու Ղարիբյանը նաեւ հրաժարվեցին ֆինանսավորել ամռանը Դուբայում կայացած Օպերային թատրոնի հյուրախաղերին մանկական երգչախմբի մեկնելու համար, արդյունքում մեկնեցին առանց մանկական երգչախմբի:

ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՆ ՄՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿՓԱԿԵՆՔ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎԵՐՋԻՆ ԷՋԸ

Այնուամենայնիվ, այս տասը ամիսների ընթացքում բազմաթիվ մշակութային հյուրախաղեր, նախագծեր, փառատոներ ու ծրագրեր ձախողելուց հետո` կարեւոր է, թե ով կլինի արդեն օպտիմալացված ու Կրթության եւ գիտության նախարարության հարկի տակ անցած մշակույթի գծով փոխնախարարը: Եթե մշակույթի ապագան վստահված է Մակունցի հետեւորդ համարվող Ն. Ղարիբյանին, ով այսօր ամեն գնով ցանկանում է պահպանել իր պաշտոնը, անկախ նրանից, որ մշակույթը հետընթաց է ապրում, ուրեմն` իսկապես կարող ենք փակել հայ մշակույթի վերջին էջն ու նախանձությունից հանգիստ պայթել այն փաստից, որ հարեւան թշնամի երկիրը չունենալով մշակույթ` այսօր ունի հզոր Մշակույթի նախարարություն ու նախարարներ, որոնք ամեն ինչ անում են հայերից խլելու մշակույթն ու մեծարել իրենց անտաղանդ արվեստագետներին:

Ի ԴԵՊ

Նազենի Ղարիբյանը երկքաղաքացի է ու, ըստ օրենքի, երկքաղաքացին օրենով իրավունք չունի նշանակվել նախարարի պաշտոնակատար, իսկ օրենքը հակասելով` Նազենի Ղարիբյանն արդեն 2 ամիս է մշակույթի նախարարի պաշտոնակատարն է ու օրենքով առաջնորդվելու լոզունգներով իշխանության եկած այսօրվա ղեկավարներին ամենեւին էլ չի հետաքրքրում կամ էլ ջայլամային քաղաքականությամբ առաջանորդվելով` իշխանություն պահելն ավելի հեշտ է:

Այս թեմայով
am