Նախարարը զարմացած չէ հանցագործությունների թվի աճով

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին ամենևին չի զարմացնում այն, որ համաներումից հետո հանցագործությունների թիվն աճել է: Հիշում է, որ երբ իրենք համաներման նախագիծը քննարկում էին,  ենթարկվում էին քննադատության, որ այն ծավալուն ու ընդարձակ է, հիմա էլ հակառակ բևեռի քննադատությունն են լսում:

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նախարարը չթաքցրեց` համաներումից հետո հանցագործությունների աճ լինում է, բայցը ընդգծեց, որ համաներումով ազատ չեն արձակվել այն անձինք, որոնք մի անգամ ներվել են կամ պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել։ Ասաց նաև, որ թեև համաներումը լավագույն ինստիտուտը չէ, բայց իրենք պատժողական քաղաքականությունից անցնում են վերականգնողական արդարադատության:

Լրագրողների հարցին, թե համաներմամբ ազատված անձանցից քանի՞սն են դարձել կրկնահանցագործ, նախարարը չկարողացավ հստակ պատասխան տալ, քանի որ վերլուծություն չունեն: Հավելեց, որ  համաներմամբ ազատ արձակված անձանցով, ըստ իրենց հրահանգման, պետք է  զբաղվեին տեղական ինքնակառավարման մարմինները, սոցիալական ծառայությունները և այլն։

Հարցին` համաներումը կտարածվի՞ «Սասնա ծռերի» վրա, հաշվի առնելով, որ տուժող կողմը, ինչպես նաև ոստիկանապետը դեմ են, նախարարը պատասխանեց, թե դա տուժող կողմի իրավունքն է։ «Տուժող կողմից մեկ առարկություն էլ բավարար է, որ  համաներումը չտարածվի, սակայն դա կախված է նաև այն հանգամանքից, թե անձն ինչ հանցագործություն է կատարել»,- նշեց Զեյնալյանը։

Այս թեմայով
am