«Նվեր բառը մոռացեք, հակառակ դեպքում պետությունը հանցակից է դառնալու իր բոլոր հետևանքներով»

Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է նախկին պաշտոնյաների կողմից պետությանը գումար ու գույք նվիրաբերելու գործընթացին: Նրա խոսքով՝ նախկին պաշտոնյաների ունեցվածքի ծագումնաբանությունը պարզելը բարդ խնդիր է:

Երրորդ նախագահի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը 18.5 մլն դոլար է նվիրաբերել պետությանը: Բագրատ Ասատրյանը հարցադրում է անում. «Գողացա՞ծն է վերադարձնում: Եթե գողացածն է վերադարձնում, ես կարծում եմ՝ պետք է գործ հարուցված լիներ՝ վնաս պատճառելու, ապօրինի հարստացման կամ հարկերից խուսափելու համար: Եվ միայն այդ միջոցների էությունը, որակները բացահայտելուց հետ, միմիայն օրինական ճանապարհով պետք է հարցերը լուծվեն: Դատաստանը միակ միջոցը չէ, մենք արտադատարանական լուծումներ էլ ունենք, բայց պետք է խստագույնս օրինական լինի»,- ասում է Բագրատ Ասատրյանը:

Նրա խոսքով՝ որևէ մեկին մեղադրելով, այնուհետև առանց իրավական հաստատման պահանջ ներկայացնելով ու գումարներ հայցելով՝ վատ պրակտիկա կձևավորվի: Ըստ նրա՝ պատկերացրեք, թե ինչ գայթակղություն կլինի որևէ իշխանության համար նախկինում օրինական ճանապարհով կամ անօրեն հարստացածներից գանձումներ անելը:

Այդտեղ առկա են նաև մեծածավալ կոռուպցիոն ռիսկեր: Հարևան Վրաստանը, Բագրատ Ասատրյանի խոսքով, այս խնդիրներին բախվել է:

Բագրատ Ասատրյանի խոսքով՝ թեև դժվար է այդ փողերի ծագման աղբյուրը ճշտելը, բայց մասնագիտական աշխատանք պետք է տարվի: «Հայտարարություններով այդ խնդիրները չեն լուծվում: Առաջին դեմքերի ընտանիքների հետ կապված հայտարարություններ են հնչում այսօր, ընդամենը պետք է լուրջ աուդիտորական ընկերություն վարձել, որը կվերլուծի ու գնահատականներ կտա, եթե խոսում ենք ապօրինի հարստացման մասին: Բայց քաղաքական հայտարարություններ անելը և որևէ չհիմնավորված գումարային պահանջ ներկայացնելը խիստ արատավոր է, ճիշտ չէ: Ի վերջո, առկա են բազմաթիվ անպատասխան հարցեր՝ իսկ ինչքա՞ն է ապօրինի ճանապարհով ձեռք բերվել կամ դրա քանի՞ տոկոսն է մարդը հետ տալիս: Կարևոր հարցերը սրանք են, հակառակ դեպքում կնմանվի վաղ միջնադարյան քրիստոնեական ամենաարատավոր ու այլանդակ փորձին՝ ինդուլգենցիաների վաճառքին, երբ հոգևորականները ինչ-որ գումարով մեղքերի թողություն էին անում»,- ասաց նա:

Ըստ Ասատրյանի՝ հարցի ֆինանսական կողմը աուդիտորական կազմակերպությունների միջոցով պետք է ուսումնասիրվի ու բացահայտվի, եզրակացություն տրվի, որից հետո ուսումնասիրվի իրավապահների կողմից և, հնարավոր է, քրեական հետապնդում չիրականացվի: Ի վերջո, ըստ նրա, մենք ժամանակին գնացել ենք տնտեսական հանցագործությունների ապաքրեականացման ճանապարհով:

Այն, որ նախկին պաշտոնյաներն այսօր ինքնակամ գույք են նվիրաբերում պետությանը, Ասատրյանի խոսքով, այդպիսի օրինական մեխանիզմ Հայաստանում չկա: «Ինձ ասեք՝ պետական բյուջեում առկա դասակարգումների ու միջազգային որ չափորոշիչների համաձայն է դա իրականացվելու»,- հարցադրում է անում մասնագետը:

Նրա խոսքով, պետությունը չպետք է ընդունի այդ կարգի նվերները: «Եթե դա իր օրինական վաստակածն է, կարող է բարեգործական քայլ արվել, նվիրաբերվել որոշակի նպատակի համար: Բայց եթե խոսքը այդ կասկածելի կարողությունների, հանցավոր ճանապարհով կամ պաշտոնեական դիրքն օգտագործելով կամ ուրիշներին կեղեքելով ձեռք բերված ունեցվածքի մասին է, նվեր բառը մոռացեք, հակառակ դեպքում պետությունը հանցակից է դառնալու իր բոլոր հետևանքներով»,- հավելեց նա:

lragir.am

Այս թեմայով
am