«ՌԴ-ում ՀՀ դեսպանը պետք է պարզաբանի՝ ինչու են ռուսական ԶԼՄ-ներն սկսել հակահայկական քարոզչություն». Արման Բաբաջանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջին շրջանում ռուսական լրատվամիջոցներում, այդ թվում՝ պետական հեռուստատեսությամբ, իրար հետևից հակահայկական բովանդակությամբ նյութեր են հրապարակվում։ Ակնհայտ հակաքարոզչություն պարունակող այդ հրապարակումներում Հայաստանը ներկայացվում է որպես «գունավոր հեղափոխություն» իրականացրած և «գունավոր հեղափոխություն» արտահանող պետություն։ Հակաքարոզչական այդ հրապարակումների քանակից ու ինտենսիվությունից ելնելով՝ կարելի է եզրակացնել, որ դրանք համակարգված և ուղղորդված բնույթ են կրում և վնասում են Հայաստանի հեղինակությանը։

Ի՞նչ է ձեռնարկում Հայաստանը՝ որպես պետություն իր դեմ ուղղված այս հակաքարոզչությանը դիմակայելու համար, արդյոք դիվանագիտական խողովակներով արտահայտվել է որևէ վերաբերմունք տեղի ունեցածի կապակցությամբ, ի՞նչ է անում Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունն ընդհանրապես, և խնդրո առարկա հարցում՝ մասնավորապես։

Այս և բազմաթիվ հարցերի պատասխաններ ստանալու համար ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կարող է և պետք է խորհրդարան հրավիրի Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանին համապատասխան պարզաբանումներ տալու նպատակով։

Սույն առաջարկությամբ ես՝ որպես ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, պաշտոնապես դիմելու եմ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանին խորհրդարան հրավիրելու պահանջվող գործընթացը կազմակերպելու խնդրանքով»

 

Այս թեմայով
am