Սերժ Սարգսյանի եղբայրը լքել է Հայաստանի սահմանը. Արթուր Վանեցյան

Գործը քննում է ՔԿ-ն, պետք է բոլոր հարցերով դիմել հենց այդ կառույցին: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոսելով իր և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման գործի մասին: Նա նաև չբացառեց, որ իրեն հնարավոր է էլի գաղտնալսում են՝ հավելելով, որ ինքն ինչ խոսում է, կարող է խոսել ուղիղ եթերում, եթե պետական գաղտնի չէ: ԱԱԾ տնօրենը հայտարարեց, որ լրագրողներին չեն գաղտնալսում:

Վանեցյանը խնդրեց գաղտնալսման մասին էլ իրեն հարցեր չտալ՝ նշելով, որ մեկ անգամ են հարցաքննվել, իսկ եթե նորից հարցաքննության կարիք լինի, ինքը պատրաստ է:

Դեռ ամիսներ առաջ Վանեցյանը հայտարարել էր, որ սպառնալիքներ կան իր և վարչապետի ընտանիքների նկատմամբ: Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե դրանք հիմա չեզոքացվել են արդյո՞ք, ասաց, որ դրանք երբեք չեն չեզոքանալու. «Եթե չեզոքանան, ՀՀ ԱԱԾ կազմում չի գործի պետական պահպանության ծառայությունը, որն ապահովում է բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգությունը: Սպառնալիքները մշտական են, երբեմն բարձրանում են, երբեմն՝ իջնում»:

Վանեցյանը հայտնեց, որ ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանի օֆշորային գործով ՀՔԾ-ն քրեական գործը վերաբացել է, ակտիվ աշխատանքներ են իրականացվում այդ ուղղութամբ: Իսկ Արմեն Ավետիսյանի հետ կապված քրեական գործը նախաքննության փուլում է գտնվում: Նախաքննության փուլում Ավետիսյանի որդին դիմել է համապատասխան մարմիններին և հայտնել, որ պատրաստ են «Գոլդեն Փելես» հյուրանոցը հանձնել պետությանը: Եթե այն հանձնվի, ապա կհանձնվի Պետգույքի կառավարմանը:

Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի գործի մասին Վանեցյանը չխոսեց՝ հայտնելով, որ այն գտնվում է ՀՔԾ-ում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Սաշիկ Սարգսյանը 18,5 միլիոն դոլար էր վերադարձրել պետությանը, սակայն դեռ հայտնի չէ՝ նրա մասով քրեական գործը կարճվելու է, թե՝ ոչ:

Սերժ Սարգսյան մյուս եղբոր՝ Լևոն Սարգսյանի մասին Վանեցյանն ասաց, որ վերջինս օրինական ճանապարհով լքել է Հայաստանի սահմանը՝ այն ժամանակ, երբ դեռ նրա նկատմամբ որևէ խափանման միջոց չի կիրառվել:

 

Այս թեմայով
am