Մինչև 2018թ. դեկտեմբերի 30-ը գնված աջակողմյան ղեկով մեքենաները կարելի է ներմուծել մինչև 2019 թվականի մայիսի 1-ը

Կառավարությունն այսօր ընդունեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նախագիծը ներկայացնող տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ նախկին նիստից հետո վարչապետի դիտարկումներից հետո ճշգրտումներ արվել են, և նախագծի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվի ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնց ձեռք բերման համար վճարումները կատարվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը, ՀՀ տարածք ներմուծել մինչև 2019 թվականի ապրիլի 1-ը:

Վարչապետն արձագանքեց, որ այս խմբաքանակի ներմուծումից հետո աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծման հարցին էլ չեն անդրադառնալու: «Պայմանը մեկն է, որ այս թեմային այլևս երբեք չենք անդրադառնալու»,- ասաց նա:

Հակոբ Արշակյանը հավելյալ ճշգրտեց, որ սա վերաբերում է այն մեքենաներին, որոնք գնվել են մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ այս տարի գնված մեքենաները չեն կարողանալու ներմուծվել: Նա նաև նշեց, որ պատուհան են սահմանել մինչև ապրիլի մեկը ներմուծելու համար:

Վարչապետը ապրիլի մեկի հետ կապված դիտարկումներ ներկայացրեց, և առաջարկեց այդ ամսաթիվը դարձնել մայիսի մեկը: «Մայիսի մեկը ռեալ կլիներ»,- ասաց նա:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նկատեց, որ իզուր կոռուպցիոն ռիսկ ենք գեներացնում այն դեպքում, որ պետք է փաստաթղթով հիմնավորվի, որ գնվել է մինչև դեկտեմբերի 31-ը, և առաջարկեց եզրույթ սահմանել, որ նախագիծը վերաբերի այն մեքենաներին, որոնք ներմուծվել են:

Վարչապետը նշեց, որ օրենքը գալիս, հասնում է կառավարություն, և այդ հարցերը նիստին են պարզվում, և հարցրեց, թե կոմիտեների նիստերին ինչու դրանք չեն քննարկվում:

Հակոբ Արշակյանը նշեց, որ մեքենան Ճապոնիայից ներմուծելու համար երկու ամիս պետք է , եթե նույնիսկ փաստաթղթերը կեղծվեն, ինչը նա չի կարծում, որ կկեղծվի, բերելու դեպքում չեն հասցնի, քանի որ մեքենան մայիսի մեկից հետո է գալու, և չեն կարողանալու ներմուծել:

Վարչապետը կիսակատակ նկատեց, որ կոռումպացված չինովնիկների համար սա կարող են համարել խայծ, թակարդ: «Կոռումպացված չինովնիկնե՛ր, մինչև մայիսի մեկը կոչ ենք անում ակտիվ լինել»,- ասաց նա:

Այսպիսով, որոշում կայացվեց ներմուծման ամսաթիվը դարձնել մայիսի մեկը, և որոշումն ընդունվեց:

Հիշեցնենք, որ Կառավարության նախորդ նիստին վարչապետի առաջարկով հանվեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Այս թեմայով
am