Մենք ուսումնասիրություններ ենք կատարել, եկել ենք եզրակացության. Փաշինյան

ՀՀ կառավարությունը փետրվարի 21-ի նիստում քննարկեց «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու հարցը:

ՀՀ տարածքային զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ այս նախագիծը տեղական արտադրողին պաշտպանելու նպատակ ունի: Խաչատրյանն ասաց, որ նախագծով ցանկանում են պաշտպանական միջոցներ կիրառել այն դեպքում, երբ ցեմենտ է  ներմուծվում Հայաստան:

«Վերջին շրջանում, կապված հարևան շուկաներում էներգակիրների զգալի ցածր արժեքի և դրա հաշվին արտադրանքի սուբսիդավորման հետևանքների հետ, Հայաստան ներկրվող ցեմենտի քանակը զգալի չափով ավելացել է, տեղական երկու արտադրողները՝ 2 մլն տոննա ընդհանուր արտադրական հզորությամբ, գործնականում չեն կարողանում դրա անգամ 1/3 մասն իրացնել, մինչդեռ մեկ տարում ներկրվող ցեմենտի ծավալների ավելի քան 3 անգամ աճ է գրանցվել: Մենք ուսումնասիրություններ ենք կատարել, եկել ենք եզրակացության, որ անհրաժեշտ է կիրառել պաշտոնական միջոց, մեկ տոննայի համար 22 հազար դրամ սահմանել, ինչը թույլ կտա ներկրվող ցեմենտը Հայաստանի շուկայում, Երևանում հասցնել մոտավորապես նույն արժեքով, որ ունի արտադրողը՝ ինքնարժեքի ու դրա վրա գումարված տրամաբանական փոքր շահույթի արդյունքում»,- ասաց նա:

Խաչատրյանի խոսքերով՝ պետք է այս ոլորտում մրցակցություն լինի, և տեղական արտադրողն ունենա լրացուցիչ պատճառներ՝ ինքնարժեքի հետագա իջեցման և դրա հաշվին շուկաներում ավելի մատչելի գնով ցեմենտի առաջարկ ապահովելու համար: Նախարարը հայտնեց, որ իրենք առաջարկել են, որ օրենքն ուժի մեջ մտնի դրա հրապարակումից 10 օր հետ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց՝ համոզվա՞ծ են, որ մեր ցեմենտ արտադրողները բոլոր միջոցները ձեռնարկում են ներդրում անելու համար, որ իրենց տեխնոլոգիաները ժամանակակից պահանջներին համապատասխանեցնեն և իրենց միավոր արտադրանքի ինքնարժեքն իջեցնեն:

«Խնդիրն այսպիսին է՝ ինչո՞ւ ենք մենք այսպիսի լուծման գնում, կարևոր է սա արձանագրել, հաշվարկները ցույց են տալիս, որ եթե պրոցեսն այսպես շարունակվի, տեղական արտադրող ձեռնարկությունները կփակվեն, ներկրողները կտրուկ կբարձրացնեն գները, և Հայաստանում կունենանք մեզ համար ոչ հաճելի վիճակ, այսինքն՝ ներքին արտադրողի փակման արդյունքում կունենանք ցեմենտի գների թռիչքաձև աճ: Կարևոր է արձանագրել, որ ոչ թե արտադրողին ենք պաշտպանում, այլ շուկան ենք պաշտպանում ցնցումներից: Հարցը, որ մի քանի անգամ առաջադրում եմ, շարունակում է մնալ՝ արդյո՞ք մեր արտադրողները բոլոր ջանքերը գործադրում են, որ իրենց տեխնոլոգիաները ժամանակակից պահանջներին համապատասխանեցնեն, որ արտադրանքի ինքնարժեքը լինի հնարավորինս ցածր, գինն էլ հնարավորինս ցածր, արդյո՞ք համոզված ենք, որ այս ոլորտում արտադրողները գերշահույթներ չեն ստանում կամ մեր լուծման արդյունքում չեն ստանում»,- ասաց վարչապետը:

Խաչատրյանը հայտնեց, որ իրենք ցեմենտ արտադրողներից խոշոր ձեռնարկության հետ քննարկել են, նրանք թվեր են բերել, ասել են, որ էներգախնայող տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ ինքնարժեքը նվազեցրել են մինչև 36 200 դրամ, այդ տեխնոլոգիաները թույլ կտան, որ նման մեկ քայլ ևս կատարվի: Նախարարն ասաց, որ էներգառեսուրսների ծախսը հիմնական ծախսն է, ցեմենտի ինքնարժեքի կեսից ավելին ձևավորվում է՝ կախված նրանից, թե որքան խորանարդ մետր գազ է օգտագործվում, և որքան արժե այն: Նա հայտնեց, որ ևս մեկ նման հնարավորություն կունենան: Խաչատրյանն ասաց, որ չի բացառվում՝ երբ մեկ տարվա ընթացքում դիտարկումների շնորհիվ գան եզրակացության, որ 22 000 դրամը բարձր է, կրկին նախաձեռնությամբ հանդես կգան և կիջեցնեն չափը, իսկ սպառողները կլինեն պաշտպանված և կգնեն ապրանքն այն արդար արժեքով, որ հնարավոր է տնտեսության զարգացումը չվտանգելու համար:

Փաշինյանը շեշտեց՝ իրենց այս ուղերձն արտադրողները պետք է ընկալեն ոչ թե որպես՝ ահա, իրենք պաշտպանվեցին, կարող են գնալ, հանգիստ իրենց գործով զբաղվել:

«Այսինքն՝ էլի թող զբաղվեն, տեխնոլոգիանական բնույթի ներդրումներ արվեն, որ ապրանքը դառնա առավել մրցունակ: Կառավարության ծրագրում գրված է, որ մեր տնտեսությունը պետք է լինի արտահանմանը միտված, բոլոր արտադրողները պետք է այսպիսի ռազմավարական մոտեցում կիրառեն»,- ասաց նա:

Այս թեմայով
am