ԵՊՀ-ն ինքը թող որոշի` ուզու՞մ է ունենալ նման ռեկտոր.Արայիկ Հարությունյան

«Կմասնակցի՞ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումներին, թե՞ ոչ, համալսարանի որոշելիքն է», – փետրվարի 21-ին, կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Նա նաև նշեց, որ իր հորդորը եղել է այն, որ 100-ամյակով հստակ ուղերձներ են հղելու ներքին և արտաքին լսարաններին՝ ԵՊՀ առաջնահերթությունների ու զարգացման վերաբերյալ, և քանի որ Արամ Սիմոնյանն ասոցացվում է բազմաթիվ բացասական երևույթների հետ, որոնք գոյություն են ունեցել ԵՊՀ-ում և բարձրագույն կրթության ոլորտում, իր մտահոգությունը եղել է սրա շրջանակներում:

«ԵՊՀ-ն ինքը թող որոշի` ուզու՞մ է ունենալ նման ռեկտոր», – ասաց Արայիկ Հարությունյանը:

Արամ Սիմոնյանի այն մեղադրանքին, որ նախարարը միջոցառումների հանձնաժողով ստեղծելու փաստաթուղթը չի ստորագրի, քանի դեռ ինքը ռեկտորի պաշտոնն է զբաղեցնում, Արայիկ Հարությունյանը սուտ որակեց` նշելով, որ ԵՊՀ 100-ամյակին նվիրված միջոցառումների մասով վարչապետից հատուկ հանձնարարական է ստացել, որ ԵՊՀ 100-ամյակը մեծ շուքով նշվի: Հանձնաժողով այս պահին չի ստեղծվել, քանի որ նախարարը զբաղված է եղել Թումանյանի ու Կոմիտասի 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովներով: Հանձնաժողով ստեղծելու նախագիծը պատրաստ է:

«Արամ Սիմոնյանն այդ զրույցը, որին հղում է անում, եղել է անցած շաբաթ: Իր խուճապը կապված է նրա հետ, որ երևի նախորդ օրը նրան հայտնի է դարձել, որ հաջորդ օրը քրեական գործ է հարուցվելու, և նա ակնհայտ սուտ է ասել, որ 100-ամյակը չի լինելու այն պատճառով, որ ինքն է ռեկտորը», – ասաց Արայիկ Հարությունյանը:

Նախարարը մանրամասնեց, որ ռեկտորի հետ ունեցած երկար՝ մոտ 1.5 ժամ տևած խոսակցության արդյունքում, ինչպես հայտնի հոգևորականի հետ զրույցը, ավարտվել է ձեռքսեղմմամբ և միմյանց հաջողություն մաղթելով:

«Կարծում եմ` պարոն ռեկտորն այստեղ ակնհայտորեն մանիպուլյացիաների է դիմում՝ իր ղեկավարման տարիների հետ կապված հարուցված քրեական գործերն ինչ-որ ձևով քաղաքականացնելու նպատակով: ԲՈՒՀ-երն ապաքաղաքական են, ճնշումներ չեն կարող լինել: ԿԳՆ-ում աշխատակազմի ղեկավար և վարչության պետեր կան, որ ՀՀԿ անդամ են և նրանց հետ շատ նորմալ աշխատում ենք: Եթե քաղաքական խնդիր լիներ, նրանք վաղուց այդ պաշտոնը չէին զբաղեցնի», – նշեց նախարարը:

Այս թեմայով
am