Երեւանում 2019-ին նոր վերելակների տեղադրում չի նախատեսվում

Երեւան քաղաքում 2019 թվականի համար նոր վերելակների տեղադրում կամ փոխում համայնքային բյուջեի միջոցների հաշվին չի նախատեսվում: Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Երեւանի քաղաքապետարանից։

Քաղաքապետարանից, սակայն, նշել են, որ վերելակների ընթացիկ պահպանման աշխատանքների, ինչպես նաեւ ձեռք բերվող անհրաժեշտ նյութերի ծավալի եւ որակի կրճատում չի նախատեսվում` չնայած բյուջեում այդ գծով պլանավորվող ծախսերի կրճատմանը։

Իսկ պահեստամասերի կրճատման մասին հարցով, մասնավորապես, հայտնել են, որ վերելակների պահեստամասերի ձեռքբերումն իրականացվում է ըստ անհրաժեշտության. «Պահեստամասերի ընդհանուր թվաքանակները տարուց տարի համեմատելի չեն, քանի որ յուրաքանչյուր տարի ծագում է իրարից տարբեր վերելակների, եւ հետեւաբար, պահեստամասերի տեսակների եւ քանակների անհրաժեշտություն: Օրինակ, Շենգավիթ վարչական շրջանի կողմից նախորդ տարի ներկայացվել է 29 տեսակի պահեստամասերի պահանջարկ ամբողջ 2018 թվականի համար, եւ 16 տեսակի պահեստամասերի հայտ 2019 թվականի միայն առաջին կիսամյակի համար: Ուստի, համադրելի չէ 2018-ի տարեկան ծավալի կամ տեսակների համեմատությունը 2019-ի առաջին կեսի ծավալի եւ տեսակների հետ»:

Հարցին՝ նոր պահեստամասերի ձեռքբերումը կատարվելո՞ւ է մեկ անձից թե՞ մրցույթով, քաղաքապետարանից նշել են, որ բոլոր գնումներն իրականացվում են մրցութային կարգով:

Նշենք, որ ավելի վաղ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, մասնավորապես, նշելով. Շենգավիթ վարչական շրջանի օրինակով փաստում եմ, որ վերելակի ընթացամասերի ձեռքբերման ծավալները քաղաքապետարանը էապես նվազեցրել է նախորդ տարվա համեմատ։ Նախորդ տարի գնվող 24 տեսակի պահեստամասերի փոխարեն նախատեսվում է գնել թվով 16 տեսակի պահեստամաս։ Յուրաքանչյուր առանձին պահեստամասի քանակը կրճատվել է շուրջ 3 անգամ։ Գնումը նախատեսվում է իրականցնել նույն կազմակերպության կողմից ինչ նախկինում»։

 

Այս թեմայով
am