2 մասնավոր ընկերություն հայտ է ներկայացրել բանակի սննդի կազմակերպումը ստանձնելու համար

Հայաստանի զինված ուժերի զորամասերում, դաշտային պայմաններում, դիրքերում զինծառայողների սննդի կազմակերպումը պաշտպանության նախարարությունը որոշել է վստահել մասնավոր որևէ ընկերության։ Սրա վերաբերյալ որոշման նախագիծն ընդունվել է կառավարության նիստի օրակարգ։

 

Նախագծում նախարարությունն արդեն հրապարակել է այն պայմանները, որոնք պետք է բավարարեն մրցույթին դիմող կազմակերպությունները։ Այս մրցույթին, սակայն, կարող են իրենց առաջարկները ներկայացնել ոչ միայն հայկական, այլև օտար, այլ պետություններում գրանցված ընկերություններ։

Բավարար է, որ ընկերությունը սննդի կազմակերպման «մասնագիտական գործունեություն» իրականացրած լինի միաժամանակ Հայաստանի առնվազն 5 մարզերում, ինչպես նաև ունենա առնվազն 3 աշխատող, որոնք մասնակցել են առնվազն 8000 մարդու սննդի կազմակերպման։ Կան նաև ֆինանսական և այլ պահանջներ։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ սննդի կազմակերպման գործող ձևաչափի պարագայում հաճախակի են դարձել խնդիրները, որոնք պայմանավորված են սննդի կազմակերպման գործընթացը բազմաթիվ օղակների բաժանված լինելու հանգամանքով: Մասնավորապես՝ նախարարությունը կազմակերպում է սննդամթերքի առանձին տեսակների գնման գործընթացներ, որոնց մի մասը չեն կայանում, կնքված պայմանագրերը հաճախ միակողմանի լուծվում են պայմանագրային պարտավորությունները չկատարելու հիմքով և այլն։

«Արդյունքում` խաթարվում է այս կամ այն սննդամթերքի մատակարարման գործընթացը և սննդի պատրաստման ժամանակ ստիպված այդ սննդամթերքը փոխարինվում է այլ սննդամթերքով, ինչը, սակայն, երբեմն արժանանում է ոչ դրական արձագանքի: Խնդիրներ են առաջանում նաև սննդի պատրաստման գործընթացում՝ կապված ձեռք բերվող սննդամթերքի և պատրաստվող սննդի որակի հետ: Մեկ այլ խնդիր է նաև Զինված ուժերում ձեռք բերված սննդամթերքի ընդունման և բաշխման շղթան՝ իր բազմաթիվ կոռուպցիոն ռիսկերով», – ասվում է հիմնավորման մեջ։

 

Պաշտպանության նախարարությունն այս խնդիրներից խուսափելու համար որոշել է բանակում սննդի կազմակերպումը փորձնական ծրագրով վստահել մասնավոր ընկերությունների։ Նախագծի փաստաթղթերի համաձայն՝ արդեն 2 ընկերություն դիմել է այդ աշխատանքները կազմակերպելու հայտով։

 

Այս թեմայով
am