Նոր տեխնոլոգիաներով ցուցադրություններ. Մատենադարանը ցուցանմուշները ներկայացնում է նորովի

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան ինստիտուտը 2019 թվականին իրականացնելու է խոշոր ծրագրեր թե գրահրատարակչական, թե՛ գիտաժողովների, թե՛ ցուցադրությունների կազմակերպման առումով: Մատենադարան ինստիտուտի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում առանձնացրել է մատենաշարերի հրատարակությունը:

«Այդ մատենաշարերի մեջ բացառիկ նշանակություն ունի «Մատենագիրք Հայոց»-ը, որն ընդգրկում է մեր ամբողջ մատենագրությունն առաջին իսկ հայերեն գրված երկից, մինչև 18-րդ դարի վերջ գրվածը: Այսինքն՝ մեր ամբողջ միջնադարյան ժառանգությունը մեկ տեղ հավաքված: Ներկայում տպարանում է Մատենաշարի 21-րդ հատորը, որը նվիրված է Ներսես Շնորհալու չափածո երկերին: Հաջորդ հատորը նվիրված է լինելու Ներսես Շնորհալու արձակին: Մատենաշարի հրատարակությունը շատ կարևոր մի գործ է, որի նշանակությունը դուրս է գալիս Մատենադարանի սահմաններից: Ամբողջ աշխարհի հայագետներն անհամբերությամբ սպասում են այդ հատորներին: Այս գործընթացը ֆինանսավորում է Գյուլբենկյան հիմնարկությունը, որի համար երախտապարտ ենք»,-ասել է Վահան Տեր-Ղևոնդյանը:

Մատենադարան ինստիտուտի տնօրենը ներկայացրել է «Մայր ցուցակ հայերեն ձեռագրաց»-ի հրատարակությունը, որի 9 հատորներն արդեն կան, այս տարի նախատեսվում է հրատարակել 10-րդ հատորը:

«Մատենադարանի հայերեն ձեռագրերն ունեն ցուցակ, բայց դա համառոտ է: Հիմա մենք հրատարակում ենք լիակատար մանրամասն ցուցակ, ինչը մեծ ջանքեր է պահանջում, սակայն փոխարենն ուսումնասիրողին շատ ավելի հարուստ տվյալներ է հաղորդում: Համառոտ ցանկի մեջ ձեռագրի մասին գրված է մի քանի տող, իսկ նոր ցուցակի մեջ՝ տասնյակ էջեր»,-ասել է նա:

Եվս մեկ մատենաշար, որին Մատենադարանը մեծ նշանակություն է տալիս: Այն հայերեն ձեռագրերի հիշատակարաններն են: Դրանցում տեղեկություններ են կոնկրետ ձեռագրի մասին, թե այն երբ է գրվել, որ թագավորի օրոք, ինչ պայմաններում, ինչ թվականին և այլն:

«Այս հիշատակարանները կարևոր աղբյուր են, և դրանց նշանակությունը շատ մեծ է հատկապես այն դարերի համար, երբ պատմագրությունն ապրում էր, եթե կարելի է այդպես անվանել, ամուլ շրջան: 14-րդ դարի երկրորդ կեսից մինչև 17-րդ դարի սկիզբը պատմագրությունն անկում էր ապրել: Երբ չունես այլ պատմական երկեր, չես կարող տեղեկություններ քաղել այդ դարաշրջանի մասին, ուրեմն այդ հիշատակարանները դառնում են բացառիկ աղբյուր: Դրա համար պատմաբանները շատ մեծ կարևորություն են տալիս դրանց»,-ասել է Վահան Տեր-Ղևոնդյանը:

Այս հիշատակարանների վերջին հատորը հրատարակվել է 1988 թվականին: Նախորդ տարի այդքան ընդմիջումից հետո գիտաշխատող Արփենիկ Ղազարոսյանի ջանքերով հրատարակվեց նոր հատոր, որը հնարավորություն տվեց այդ արժեքավոր մատենաշարին նոր կյանք տալ: Եվս մեկը նախատեսվում է հրատարակել 2019-ին:

Մատենադարանը 2018 թվականին ունեցավ բավական ակտիվ ցուցահանդեսային գործունեություն՝ թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս: Այս տարի Մատենադարանում սպասվում են նոր ցուցադրություններ, կվերափոխվի արխիվային փաստաթղթերի ցուցադրությունը, նորովի կներկայացվի հնատիպ գրքերի ցուցադրությունը:

«Այս տարի նախատեսում ենք նորույթ, նոր տեխնոլոգիաների օգտագործմամբ: Ունենք մեծ քարտեզ, որտեղ ներկայացվում են գրչության կենտրոնները ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում: Նոր ծրագրով նախատեսում ենք էլեկտրոնային քարտեզի վրա ինտերակտիվ ձևով ներկայացնել գրչության կենտրոնները: Կոճակը սեղմելով, օրինակ` էկրանի վրա կբերի Վասպուրականում եղած կենտրոնները, այնուհետև կարող եք ընտրել դրանցից մեկը, տեսնել այդտեղ գրված ձեռագրեր և այլն: Այսինքն՝ ինտերակտիվ ձևով, անընդհատ բացվող տեղեկատվական հարթակ է, որը պարբերաբար հնարավոր է նոր տվյալներով համալրել: Այն շատ դիտարժան կլինի, ինչպես նաև ուսուցողական նշանակություն կունենա»,-ասել է Վահան Տեր-Ղևոնդյանը:

Մատենադարանը շարունակում է համալրվել նոր ձեռագրերով: 2018 թվականին կառույցը ստացել է 50-ից ավելի նոր ձեռագրեր: Դրանում եղել է խոշոր նվիրատվություն՝ 27 ձեռագիր, որը ստացվել է Համազգային մշակութային միությունից: Նախորդ տարի նաև ստացվել են հետաքրքիր արխիվային հավաքածուներ, որում եղել են նշանավոր հայագետներ Չարլզ Դաուսեթի Հրաչ Բարդիկյանի, Անդրանիկ Զեյթունյանի արխիվները:

Ամեն տարի Մատենադարանը կազմակերպում է նարեկացիական ընթերցումներ, որի հիմքը դրել է Մատենադարանի նախկին տնօրեն Հրաչյա Թամրազյանը: Ընթերցումները դարձնել են ամենամյա և 2019-ին կանցկացվի 5-րդ միջոցառումը:

«Այս տարի նախատեսվում է կազմակերպել միջազգային գիտաժողով՝ նվիրված Մատենադարանի երկրորդ տնօրեն Սեն Արևշատյանի 90-ամյակին: Սեն Արևշատյանը զարգացրեց և առաջ տարավ հայ միջնադարյան փիլիսոփայության ուղղությունը և լավ կլիներ, որ այս գիտաժողովը խթան հանդիսանար այս գծով նոր մասնագետների ի հայտ գալուն»,-հավելել է նա:

Այս թեմայով
am