Ադրբեջանում մտադիր են արգելել ապագա երեխայի սեռի պարզումը

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները պատրաստվում են արգելել ապագա երեխայի սեռը պարզելու պրակտիկան, սակայն դեռևս հայտնի չէ, թե ինչպես է գործելու այդ արգելքը:

Ինչպես նշում է Sputnik-ի ադրբեջանական ծառայությունը, երկրի խորհրդարանի գարնանային նստաշրջանում քննարկման կդրվի «Վերարտադրողական առողջության մասին» օրենքի նախագիծը, որի հոդվածներից մեկի համաձայն՝ երկրում կարգելվի ուլտրաձայնային հետազոտության միջոցով ապագա երեխայի սեռի պարզումը:

Բաքվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցչության ղեկավար Ռանդե Խարմանչին առարկել է, որ պետք է արգելել ոչ թե ապագա երեխայի սեռի ճշտումը, այլև սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները: Խարմանչին նաև վստահություն է հայտնել, որ ժամանակի ընթացքում Ադրբեջանում սելեկտիվ աբորտների քանակը կկրճատվի:

Օրենքի նախագծի հեղինակները չեն ցանկացել նախօրոք խոսել արգելքի վերահսկման և մեխանիզմների մասին, սակայն հայտնել են, որ, ըստ օրենքի, ծնողներին ապագա երեխայի սեռը հայտնած բժիշկները կպատժվեն՝ բացառությամբ այն դեպքերի, երբ երեխայի մոտ սեռական օրգանների զարգացման շեղումներ են դիտվում:

ՄԱԿ-ի տվյալներով՝ Ադրբեջանը նորածինների շրջանում սեռերի հարաբերակցության խախտման առումով աշխարհում երկրորդ պետությունն է: Պատճառը սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներն են. ապագա ծնողները, հատկապես գյուղական բնակավայրերում, նախապատվությունը տալիս են արու զավակներին:

Այս թեմայով
am