Արսեն Թորոսյանը խնդիր չի տեսնում հաշտվելու Արա Մինասյանի հետ, Արա Մինասյանը չի ուզում

«Եթե Արսեն Թորոսյանն ուզենար որեւէ մեկին թիրախավորեր, վիրավորեր, ուղղակի կասեր՝ Պողոս Պողոսյանը բանդայի պարագլուխն է, չկասկածեք»,- այսպես այսօր լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի շահերի պաշտպան Գեւորգ Գյոզալյանը (լուսանկարում) վստահեցնում էր, որ Արսեն Թորոսյանն իր ֆեսբուքյան ուղիղ եթերի միջոցով ինչ ասել է՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանին նկատի չի ունեցել:

Հիշեցնենք, որ Արա Մինասյանը դատի է տվել Արսեն Թորոսյանին՝ զրպարտության եւ վիրավորանքի համար եւ պահանջում է նույն ֆեյսբուքյան էջի եթերի միջոցով ներողություն խնդրել ու հերքել զրպարտություն հանդիսացող փաստական տվյալները:

Արսեն Թորոսյանը պատրաստ է եղել քայլ անել հաշտության համար, սակայն Արա Մինասյանը, ինչպես պարզվեց նիստի ընթացքում, չի գնացել հաշտության: Գյոզալյանը լրագրողներին ասաց. «Քանի որ պատասխանող կողմը ինքն իր մեջ գիտի, որ թիրախավորված արտահայտություն չի արել, իր արտահայտությունը եղել է լայն, խնդիր չունի Մինասյանի հետ քննարկելու:

Մենք խնդիր չունենք, մենք պատրաստ ենք: Թիրախավորված անձ չի եղել, մենք անուն չենք տվել: Ուստի մենք խնդիր չունենք գանք հաշտության, եթե նրանք ցանկանան, բայց ինչպես գիտեք, նրանք չեն ցանկանում»:

Հարցին՝ դուք միջնորդություն եք ուզում ներկայացնել, որ Արա Մինասյանը գա դատարան հարցաքննվելու, բայց ինչպես գիտեք, Արա Մինասյանը հետախուզման մեջ է, ինչպե՞ս եք դա պատկերացնում, Գյոզալյանը պատասխանեց. «Գիտեմ այդ հանգամանքը: Դա եւս մեկ ազդակ է դատարանի համար որոշակի հետեւություններ անելու: Ես այս միջնորդությամբ ի սկզբանե հանդես չեմ եկել, կարծում էի, որ զրպարտության հարց չկա, երբ դատարանը դա դրեց մեզ վրա, մենք հանդես կգանք»: 

Aravot.am

 

Այս թեմայով
am