Հույս չունենաք, ոչինչ չի վերադառնալու հնին. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 11-ին համայնքի ղեկավարների հետ հանդիպմանը շեշտեց՝ կարևոր է արձանագրել այն պարամետրերը, որոնց շրջանակներում պատկերացնում ենք համայնքապետերի ամենօրյա ու սրտացավ աշխատանքը:

«Ես չեմ սիրում խմբավորումները, առավել ևս մարդկանց, երբ մարդկանց բնորոշում են խմբերով այս կամ այն գործին կամ խավին պատկանելությամբ, ուզում եմ միանգամից ասել, որ հասկանում եմ, որ Հայաստանում համայնքների ղեկավարները տարբեր են իրենց անցած ճանապարհով, աշխարհընկալմամբ, կենսագրությամբ, արժանիքներով: Ազնիվ լինեմ և ասեմ, որ իմ ընկալմամբ և պատկերացմամբ՝ միջին վիճակագրական համայնքի ղեկավարի կերպարը կամ հանրային ընկալումը մոտավորապես հետևյալն է՝ համայնքի ղեկավարը կամ գյուղապետը այս կամ այն կերպ ընտրվելուց հետո հաջորդ օրվանից սկսվում է համայնքներում սեփականության վերաբաշխման ակտիվ գործընթացը և շատ արագ գյուղապետարանները և քաղաքապետարանները վերացնում են անշարժ գույքերի վերաբաշխման գործընթացներում»,- ասաց նա:

Անդրադառնա«ով համայնքների ղեկավարների «արդի կերպարին»` ասաց, թե ստացվում է` առաջին գործով պետք է ակտիվիստներին, ձայներ բերածներին, ցուցակավորներին տալ սրճարանների տեղեր, խանութների տեղեր, հողամասեր, ընդլայնել, մեծացնել, իհարկե պետք է չմոռանալ նաև սեփական անձը:

Փաշինյանը նշեց՝ անընդհատ խոսում ենք համայնքներում ներդրումային միջավայրի բարելավման մասին, բայց իր լրագրողական ու պատգամավորական երկարամյա փորձը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր համայնք, երբ մտնում ես և աչքի ընկնող օբյեկտով հետաքրքրվում, պարզվում է, որ կա՛մ համայնքի ղեկավարինն է, կա՛մ համայնքի ղեկավարի տեղակալինը: Սա, ըստ վարչապետի գնահատման, զարմանալի իրականություն է ոչ միայն այն պատճառով, որ այդպես է, այլև այն պատճառով, որ այդ մոտեցումը հանդուրժվում է հանրության կողմից, և ամեն անգամ այդ որոշումը ստանում է ընտրական որոշակի զարգացում, քանի որ յուրաքանչյուր ընտրող, յուրաքանչյուր ընտրության ցուցակավոր և ակտիվիստ հույս ունի իր սեփականության ծավալները ընդլայնել: Կառավարության ղեկավարի խոսքերով՝ ամենօրյա աշխատանք, աշխատանքի և որակի էության փոփոխություն ասելիս հենց սա նկատի ունեն:

«Ինձ համար, ՀՀ կառավարության, ՀՀ ժողովրդի համար այս մոտեցումն ընդունելի լինել չի կարող, և ես ուզում եմ հստակ արձանագրել, որ պետական ծառայությունը ոչ միայն վարչապետի, նախարարի, ոչ միայն ԱԺ պատգամավորի, այլև համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի կողմից չի կարող և չպիտի ընկալվի որպես բիզնես գործունեություն: Պետական պաշտոնյայի գործունեության նպատակն առաջին հերթին և միայն պետք է լինի հանրային հարստացման բազմապատկումը, և ոչ թե անձնային ու խմբային: Ես ուզում եմ՝ կրկին մենք արձանագրենք, որ նոր Հայաստանում այդպիսի երևույթներ և այդպիսի երևույթների շարունակություններ չեն կարող լինել»,- ասաց վարչապետը:

Կառավարության ղեկավարը նշեց՝ երբ խոսում ենք այն մասին, որ քաղաքներում և գյուղերում հաճախ պատահում է այնպես, որ համայնքների ղեկավարների օբյեկտներն են ամենահաջողակները, դա ունի նաև երկրորդ պատճառ, քանի որ դա շատ լավ առիթ է, որ այդ օբյեկտները խուսափեն հարկային պարտավորություններից, պետության առջև ունեցած պարտավորություններից՝ գույքահարկից սկսած, ՀԴՄ խփել-չխփելը:

«Այստեղ մենք ունենք լուրջ պրոբլեմ, դա այն է, որ երկար աշխատած մեխանիզմները շատ դեպքերում շարունակում են գործել: Ցավոք, կա մտայնությունը, որ հա, հեղափոխություն էր, կանցնի մի տարի կամ երկու տարի, կմոռանան՝ ինչի համար են հավաքվել, և ամեն ինչ կսկսվի նորից: Հույս չունենաք, ամեն ինչ չի սկսվելու նորից, ոչինչ չի վերադառնալու հնին, ես սա ուզում եմ ասել և´ քաղաքական, և´ տնտեսական առումով»,- ասաց նա:

Այս թեմայով
am