Վարդենիս-Երևան ճանապարհը փակ է, պահանջում են մարզպետի հրաժարականը

Վարդենիս-Երևան մայրուղին առավոտից փակ է. մի խումբ վարդենիսցիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ մարզպետ Գնել Սանոսյանի հրաժարականի պահանջով: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակիցներից Լեոնարդ Մարտոյանը նշեց, որ պատճառը մարզպետի կողմից խտրական վերաբերմունքի դրսևորումն է:

«Վարդենիսում փետրվարի 17-ին քաղաքապետի ընտրություններ են, հիմա քարոզարշավ է: Այսօր Վարդենիս համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնող 8 թեկնածու կա, 7-ն այցելում են պետական ձեռնարկություններ, բուժհիմնարկություններ, աշխատանքին չեն խանգարում, գնում են քարոզարշավի, ժողովրդի հետ խոսելու: Մենք այսօր այցելել էինք համայնքապետի մեր թեկնածուի հետ ընտրարշավի, սակայն Վարդենիսի բուժհիվանդանոցում մարզպետը հրաման է տվել, որ մեր քարոզարշավն արգելեն: 7 թեկնածուները գնացել են, հանդիպել, 8-րդը՝ Գևորգ Սիմոնյանը, գնացել է, մարզպետի հրամանով արգելել են: Թե ո՞րն է պատճառը, այդ մասին մենք էլ ենք ուզում իմանալ»,- ասաց նա:

Մարտոյանն ասաց, որ քաղաքապետի իրենց թեկնածուն մարզպետի հետ անձնական խնդիր չի ունեցել, ուստի անհասկանալի է, թե ինչու է մարզպետը հորդորել բուժտնօրենին արգելել նրա հանդիպումը, աշխատակիցներն էլ ենթարկվում են նրան: Իրենց թեկնածուին ներկայացնելով՝ ակցիայի մասնակիցը շեշտեց, որ նա կուսակցական չէ, հասարակ, Վարդենիսում հարգված թեկնածու է:

Ակցիայի մասնակցի խոսքով՝ մարզպետի հրաժարականի պահանջով շատերն են դուրս եկել փողոց, կոնկրետ թիվ դժվարացավ նշել:

«Չեմ կարող ասել, ճանապարհի երկու կողմն էլ փակ է: Դեռ մոտեցողներ չկան, սակայն մենք լրատվամիջոցների ուշադրությունն ենք հրավիրել: Փողոցն այնքան ենք փակած պահելու, մինչև լուրը հասնի պարոն Փաշինյանին, որ իմանա՝ ինչ է կատարվում իր մեջքի հետևում»,- ասաց Մարտոյանը:

 

Այս թեմայով
am