Արարատ Միրզոյանը Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ քննարկել է խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող մի շարք հարցեր

Փետրվարի 9-ին մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Արցախի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

Արցախի Ազգային ժողովում տեղի է ունեցել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների նախագահների հանդիպումը: Արարատ Միրզոյանը և Աշոտ Ղուլյանը առանձնազրույցի ընթացքում բարձր են գնահատել այս տարիների ընթացքում երկու խորհրդարանների միջև առկա փոխգործակցությունը և պատրաստակամություն հայտնել բարձրացնել այն որակական նոր մակարդակի: 

Քննարկվել են խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող մի շարք հարցեր, կարևորվել է Հայաստանի ու Արցախի խորհրդարանների հանձնաժողովների մակարդակով շարունակական հանդիպումներն ու համատեղ նիստերը, կողմերը ընդգծել են խորհրդարանների միջև փորձի փոխանակման կարևորությունը, ինչպես նաև միջազգային հարթակներում ընդհանուր օրակարգի շուրջ համատեղ աշխատանքը: 

Այնուհետև հանդիպումն ընթացել է ընդլայնված կազմով` ԱԺ խմբակցությունների և հանձնաժողովների ղեկավարների ու պատգամավորների մասնակցությամբ, որի ընթացքում ՀՀ Ազգային Ժողովի նախագահը պատասխանել է Արցախի Ազգային Ժողովի պատգամավորների հարցերին և ներկայացրել երկու խորհրդարանների միջև համագործակցության իր տեսլականը: 

Սա ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Արարատ Միրզոյանի առաջին այցն է: Այցի ընթացքում խորհրդարանի ղեկավարը այցելել է նաև Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել արցախյան ազատամարտի նահատակների և Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին, եղել է Քրիստափոր Իվանյանի անվան ռազմական վարժարանում, զրուցել ուսուցիչների և սաների հետ:

Այս թեմայով
am