«Անորսալի Ֆանտոմասը» հայտնաբերվեց. նա թալանել էր Varks.am-ը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 22-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Գարիկ Ղուկասյանի, ՔՀԲ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ Երևանում հայտնաբերել են օրեր առաջ Դավիթաշեն վարչական շրջանում Varks.am կազմակերպությունում ավազակային հարձակում կատարած կասկածյալին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան փողոցի բնակիչ՝ 29-ամյա Ադամ Բաղդասարյանն է, ում նկատմամբ հունվարի 17-ից հայտարարվել էր հետախուզում՝ ՀՀ քր. օր-ի 176 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով և ով բերման է ենթարկվել Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ տեղափոխվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Բաղդասարյանն այն «հերոսն» է, ով Varks.am-ում ներկայացել էր, որ ինքը «Ֆանտոմասն է» և իրեն բռնելը նույնն է, թե մարդիկ Մարս մոլորակում կերուխում անեն, սակայն Երևանի ոստիկաններն ապացուցեցին այդ «հերոսին», թե ում օրն է 40 օր, ու, որ ճիշտ է՝ իրենք Մարս մոլորակում չեն կարող քեֆ անել, բայց ինքն ու իր նմանները «բանտում ամեն օր քեֆ կանեն և քեֆի սեղանին էլ դրված կլինի բալանդը»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 14-ին կողոպուտի դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում անհայտ անձը վճարում կատարելու պատրվակով մտել էր Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում գործող Varks.am ունիվերսալ վարկային կազմակերպության մասնաճյուղ, մագլցել սպասարկման տաղավարի վրայով, հասել դրամարկղի մոտ, տաղավարի ստորին հատվածում դրված դարակի մետաղյա դրամարկղը բացել և այնտեղից բացահայտ հափշտակել էր ողջ գումարը։

Կողոպտիչը կողոպուտ անելու ժամանակ այնտեղ գտնվող աշխատակիցներին ասել էր, որ ինքը ոչ ոքի չի ուզում վնասել. պարզապես «ինքը Ֆանտոմասն է» և իրեն գումարն է անհրաժեշտ։

Դեպքի վայր էին ժամանել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Պավել Օրդյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր էին նախապատրաստվում" Ավազակային հարձակման կասկածանքով հայտնաբերված 29-ամյա Ադամ Բաղդասարյանն է, նույն ինքը՝ «Ֆանտոմասը»

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Այս թեմայով
am