Մեզ տուն ուղարկողը ժողովուրդն է, ոչ թե Հրանտ Մարգարյանը. «Իմ քայլի» պատգամավոր

Ազգային ժողովի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Միքայել Զոլյանը կարծում է, որ Հ. Յ. Դաշնակցություն կուսակցությունը պետք է ներսում փոփոխություն կատարի և հետո մտածի 5 տարի հետ ընտրությունների միջոցով իշխանությունը վերցնելու մասին:

«Ես բազմաթիվ շարքային դաշնակցական ընկերներ ունեմ, որոնք դժգոհ են եղել Հրանտ Մարգարյանի կառավարումից: Հայաստանում շատ քիչ են կուսակցությունները, որտեղ 90-ականներից չի եղել ղեկավարության փոփոխություն: Օրինակ՝ իմ շարքային դաշնակցական ընկերները դժգոհ են, որ Հրանտ Մարգարանի ղեկավարած կուսակցությունը համագործակցել է Հանրապետական օլիգարխիկ նախկին իշխանության հետ: Նրանք դեմ էին դրան ու չէին աջակցում», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Զոլյանը՝ մեկնաբանելով Մարգարյանի հայտարարությունը:

Իշխանական մեծամասնության ներկայացուցչի խոսքով՝ Հայաստանի քաղաքացին է ընտրել իշխանություն, և ինքն էլ պետք է որոշի իշխանությունների ապագան:

 

«Հայաստանի քաղաքացին պետք է որոշի՝ ինչ իշխանությունների ընտրել, և ոչ թե Հրանտ Մարգարյանը: Այժմ մենք ունենք վստահության մեծ պաշար, հուսով եմ՝ հինգ տարի այդ պաշարը կպահպանվի: Բայց ասեմ, որ քիչ հավանական եմ համարում, որ Հրանտ Մարգարյանի տեսլականը կկատարվի», - ասաց Զոլյանը:

Նա չհամաձայնեց Դաշնակցական գործչի այն դիտարկմանը, թե նոր խորհրդարանում պատգամավորներն անփորձ են, մասնագետներ չեն: Զոլյանի խոսքով՝ այս խորհրդարանում ներկայացված բոլոր պատգամավորներն էլ ունեն մի քանի կրթություն, բացի այդ երկրի սահմաններից դուրս են կրթություն ստացել, նրանց մեջ կան գիտական աստիճան ունեցողներ: 

«Բայց կան մարդիկ, ովքեր հեղափոխության օրերին ձեռք են բերել այնպիսի քաղաքական փորձ, որը հնարավոր չէր ձեռք բերել տարիներով աշխատելով կառավարության մեջ: Իսկ նախկինում Հրանտ Մարգարյանը համագործակցում էր մի ուժի հետ, որտեղ կային անորակ կադրեր», - ասաց Զոլյանը:

Այս թեմայով
am