Նպաստները կբարձրանան

Կառավարության հունվարի 17-ի նիստում որոշում կայացրեց փոփոխություն կատարել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» որոշման մեջ, որը ընդունվելու դեպքում 2019 թվականի հունվարից, կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերի բարձրացման պատճառով, չեն զրկվի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունքից:

Հարցը ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանը: Նա նշեց, որ նախագծի նպատակը ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների սոցիալական պաշտպանության բավարար մակարդակ ապահովելն է։ 

Նշենք, որ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» որոշման հավելվածով հաստատված է ընտանիքների անապահովության գնահատման կարգը, համաձայն որի՝ ընտանիքների անապահովության աստիճանի գնահատման համար օգտագործվում են մի շարք բնութագրիչներ, որոնց թվում է նաեւ ընտանիքի եկամուտը:

«Ինչպես գիտենք, հունվարի 1-ից տեղի է ունեցել կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերի բարձրացում, ինչը կանդրադառնա բազմաթիվ ընտանիքների ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունքի վրա:

Մասնավորապես, նախատեսվում է կենսաթոշակի նվազագույն չափը, ինչպես նաեւ  ծերության, հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը սահմանել 25500 դրամ։

Արդյունքում, առկա է ռիսկ, որ ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունքից կզրկվեն այդ ընտանիքների գերակշիռ մասը։ Օրինակ, հնարավոր է նպաստի չափն ավելանա 4 կամ 6 հազար դրամով, որի հետեւանքով ընտանիքը կորցնի 18 հազար դրամի սոցիալական նպաստը:

Նշված փոփոխություններով հնարավոր կլինի խուսափել այդ բացասական հետեւանքներից»,-ասաց փոխնախարարը:

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում 2018-ի դեկտեմբերի դրությամբ հաշվառված անձի կենսաթոշակի, ծերության, հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը 2019 թվականի ընթացքում ընտանիքների անապահովության գնահատման ժամանակ ընտանիքի ամբողջական եկամտի կազմում հաշվի կառնվեն 2018 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվարկված չափով:

Նրա խոսքով, արդեն իսկ 64 հազար մարդ ստանում է 25500 դրամի նպաստ, եւս 20 հազար մարդ այդքան նպաստ կստանա, երբ համապատասխան օրենքում կարվի փոփոխություն: Դա կլինի մարտին, բայց հետադարձ ուժ ենք տալու:

Այս թեմայով
am