Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքը հետաձգվեց

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:

«Նիստը հետաձգվել է տեխնիկական պատճառներով, որոշ փաստաթղթերի տրամադրման անհրաժեշտություն կա: Տրամադրվել է ողջամիտ ժամկետ և նիստը կկայանա մեկ այլ օր»,- ասաց Մկրտչյանը:

Նրա խոսքով` Մանվել Գրիգորյանը չի մասնակցել նիստին, քանի որ առողջությունը թույլ չէր տալիս:

«Եթե նրան հնարավորություն ընձեռվի և առողջությունը ների, նա կմասնակցի նիստերին»,- ասաց Մկրտչյանը:

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: Հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է, ապա՝ հունիսի 19-ին, Ազգային ժողովի պատգամավորների քվեարկությամբ, զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից ու դատարանի որոշմամբ կալանավորվել:

Կալանքի տակ գտնվելու ընթացքում պատգամավորի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են նրա առողջական խնդիրների մասին՝ նշելով, որ իրենց պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում:

Դեկտեմբերի 21-ին  25 միլիոն դրամ գրավի դիմաց Մանվել Գրիգորյանը ազատ էր արձակվել:

Ազգային անվտանգության ծառայության ԱԱԾ տարածած հաղորդագրությունում, մասնավորապես ասված էր, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին:

Այս թեմայով
am