Արցախի շուրջ իրավիճակն անչափ բարդ է. փորձագետ

Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ իրավիճակն անչափ բարդ է: Սա կապված է ադրբեջանական կողմի հետ, որն, ըստ էության, չի հաշտվում ներկայիս իրավիճակի հետ: Հունվարի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով՝ սահմանին լարվածություն չկա, բայց բանակցային գործընթացը բարդ իրավիճակում է: «Այն ազդանշանները, որ գալիս են պաշտոնական Բաքվից, ցույց են տալիս, որ հասարակության մեջ սպասումներ կան, եւ գոյություն ունի դրանց բավարարման հավանականություն: Դրանք մեծ պատերազմի վտանգներ չեն, բայց էսկալացիան բացառված չէ: Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ իրավիճակին, ապա մեծ տարբերություն կա, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է եւ մյուս երկրների հետ փոխադարձ ռազմական պարտավորություններ ունի»,- նշեց նա:

Անդրադառնալով Կարագանդայում սպանության թեմային՝ փորձագետը շեշտեց, որ խոսքը սովորական ծեծկռտուքի մասին է: «Երկու կողմից համարժեք պետական աշխատանք է կատարվել: Սակայն հարցեր է առաջացնում հայկական լրատվամիջոցների աշխատանքը, այս ուղղությամբ պետք է աշխատել»,- եզրափակեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Այս թեմայով
am