Դավիթ Սանասարյանը հերքում է, թե իր խոսնակը Մհեր Ենոքյանի հարցով լծակներ է օգտագործում

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը հերքում է, թե իր մամուլի խոսնակ Զարուհի Մեժլումյանն օգտագործում է վարչական լծակներ՝ Իոսիֆ Աղաջանովի սպանության մեջ մեղադրված ու ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանին արդարացնելու։

«Չի համապատասխանում իրականությանը, նման բան չկա», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։

Դավիթ Սանասարյանը նշեց, թե հպարտանում է իր մամուլի խոսնակով։

«Իր ծառայությունը բավականին բարձր մակարդակի է իրականացնում ու նրա աշխատանքը բացառապես պետական վերահսկողական ծառայության ֆունկցիաների մեջ է մտնում», - ասաց Դավիթ Սանասարյանը։

Նա ընդգծեց՝ գիտի, թե ինչ մանիպուլյատորներ են փորձում այս ամենն անել։

«Այս երկու օրը փորձում են ինչ-որ բարձր արժեքներից խոսեն ու ինչ-որ սլաքներ են ուղղում, նրանց նպատակը մեկն է, բայց չեմ ուզում ասել. իրենցից հարցրեք իրենց նպատակը», - ասաց Դ. Սանասարյանը։

Նա զգուշացրեց՝ եթե որևէ մեկը պաշտոնապես կհայտարարի, որ Մեժլումյանը լծակներ է օգտագործում, դատարանում կհայտնվի։

«Զարուհի Մեժլումյանը, երբ որ խնդրեցի, որ աշխատանքի անցնի, ասաց, որ նման հարձակումներ կարող են լինել ու այդ անձանց անունները տվեց։ Ես ասել եմ՝ կապ չունի որևէ հարձակում, մենք այստեղ պրոֆեսիոնալ գործի մեջ ենք, ու Զարուհի Մեժլումյանը ոչ մի վայրկյան անգամ աշխատանքի ժամին որևէ այլ հարցով չի զբաղվել», - ասաց նա։

Սանասարյանն ասաց, թե եթե որևէ մեկը ցույց տա, որ ինքը, իր աշխատակիցները որևէ պետական պաշտոնյայի ասել են, որ «այս հարցով սենց զբաղվեք, խոստանում եմ՝ հրաժարական կտամ ու այլևս քաղաքականությամբ չեմ զբաղվի»։

Նշենք, որ Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովն է հայտարարել, որ Մեժլումյանը լծակներ է օգտագործել։

«Արդարադատության նախարարի գլխավորությամբ գործող ներման հանձնաժողովը օրերս դրական եզրակացություն է տվել մարդասպան Մհեր Ենոքյանի ներման հարցին: Սա աննախադեպ և անթույլատրելի երևույթ է` հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ հանձնաժողովը իր վրա կրել է ճնշումներ Մհեր Ենոքյանի կնոջ՝ Զարուհի Մեժլումյանի կողմից (նրանք պաշտոնապես ամուսնացել են 2013 թվականին)։ Փաստացի ստեղծվել է իրավիճակ,որ, Զարուհի Մեժլումյանը, լինելով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի լրատվական ծառայության ղեկավարը, օգտագործում է իր պաշտոնական լծակները՝ ցանկալի արդյունքին հասնելու համար: Այս տարիների ընթացքում ներկայացնելով կեղծ տեղեկատվություն այն մասին, որ իբր Մհեր Ենոքյանը անմեղ է՝ սույն տիկինը արդարության շղարշի ներքո փաստացի պայքար է ծավալել ընդամենը իր կողակցին տուն վերադարձնելու համար», - հայտարարել է Միխայիլ Աղաջանովը։

Այս թեմայով
am