Ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիները բռնի արտաքսվել են Ադրբեջանից․ Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ՌԴ քաղաքացիություն ունեցող ազգությամբ հայերի՝ Ադրբեջան մուտք գործելու հարցին, ապտասխանել է, որ նախկինում էլ՝ տոնական օրերին, Ռուսաստանի ԱԳՆ-ում արձանագրել են դեպքեր, երբ Ադրբեջան մուտքը արգելվել է Ռուսաստանի այն քաղաքացիների համար, որոնք  ազգությամբ հայ են։

«Պարբերաբար այդ հարցը դրել ենք ադրբեջանական կողմի առջև, խոսել ենք այն մասին, որ այդպիսի դեպքերը, ցավոք, արդեն ավանդույթ են դառնում, ընդ որում՝ ցավոք, վատ ու ոչ ճիշտ ավանդույթ։ Մեծ ու մանրամասն նյութ էր հրապարակվել սոցցանցերում հենց մեկ-երկու օր առաջ, և դա Ադրբեջանի կողմից Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ էթնիկ սկզբունքի հիման վրա խտրականության քաղաքականության դրսևորման առաջին դեպքը չէ այս համատեքստում», - ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ խոսնակը ներկայացրել է նաև վիճակագրություն, համաձայն որի՝ 2018-ին իրենց հայտնի է դարձել նման խտրականության դրսևորման 16 դեպք։

«Օդանավակայաններում Ռուսաստանի քաղաքացիները ենթարկվել են բազմաժամյա արգելափակումների, ապա բռնի արտաքսվել երկրից, և պաշտոնական պատճառաբանություն չի ներկայացվել», - ասել է Զախարովան՝ պնդելով, որ սա Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտում է, և այդ քաղաքականությունը չի համապատասխանում երկու երկրների միջև գործակցության մասին պայմանագրերին։

Զախարովան տեղեկացրել է, որ Ռուսաստանի ԱԳ նախարարությունը բազմիցս դիմել է ադրբեջանական կողմին ու հայտնել այդպիսի խտրականության անընդունելիության մասին, պահանջել դադարեցնել նման գործողությունները, քանի որ դա չի համապատասխանում երկու երկրների բարեկամական հարաբերություններին։

«Ադրբեջանական ղեկավարության հետ շփումների ընթացքում ստացել ենք հավաստիացումներ, որ իրավիճակը կշտկվի, և մենք մեծ հույս ունենք, որ այդպես կլինի»,- տեղեկացրել է Զախարովան։

Այս թեմայով
am