Փաշինյանը փորձում է փոխել այն մոտեցումը, որ Հայաստանը «ծառա» է, Ռուսաստանը՝ «տեր. Լևոն Շիրինյան

Հայաստանի ռազմավարական դաշնակիցը պետք է իմանա, որ շարունակում է ունենալ նույն կարգավիճակը, բայց լինել հավասարը հավասարի հետ հարթության մեջ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ խոսելով այն տեսակետների մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնը ստանձնելու առաջին օրվանից վերահաստատում է մոտեցումը, թե Հայաստանը արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձեր չի կատարելու:

Հարցին՝ ինչո՞ւ և ո՞ւմ համար է Նիկոլ Փաշինյանը պարբերաբար ասում դա, Լևոն Շիրինյանն ասաց, որ առաջին հերթին այդ ուղերձն ուղղված է Ռուսաստանին, հետո նաև ներքին լսարանին

«Թվում է, թե Ռուսաստանի առջև հաճելի երևալու միտում կա, բայց հարցը դա չէ: Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել այն մոտեցումը, որ Հայաստանը «ծառա» է, Ռուսաստանը՝ «տեր»:

Վարչապետն ասում է, որ Հայաստանի հետ Ռուսաստանը ընկեր կմնա, բայց ոչ տերն ու ծառան կարգավիճակով, այլ հավասարը հավասարի պես:

Մենք կարող ենք Ռուսաստանի հետ ճանապարհ գնալ, բայց միայն հավասարության պայմանով»,- նշեց քաղաքագետը:

Շիրինյանն ասաց, որ Հայաստանը Ռուսաստանի համար առաջին գործընկերն է, և սա պետք է նորովի ամրագրվի, ճշգրտվի:

«Ռուսաստանն Առաջին Հանրապետությունից հետո հանդիպել է հայ ժողովրդի ու նրա պետականության երկաթյա կամքին:

Հիմա նրանք հասկանում են, որ Հայաստանն ունի այնպիսի պետական շահեր, ինչպիսին իրենք ունեն: Հետևապես պետք է գնալ հավասարության ճանապարհով: Դա ռուսների համար մահ է:

Նրանք գիշեր-ցերեկ զինել են Ադրբեջանին, մեզ հետ խոսել են դարավոր ինչ-որ բարեկամությունից, Քրիստոնեությունից: Իսկ հիմա իրավիճակը փոխվել է, Հայաստանի անկախությունն ամրապնդվել է»,- շեշտեց Լևոն Շիրինյանը:

 

Այս թեմայով
am