Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել

Թուրքիայի նախագահականից հետո քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» HDP կուսակցությունից մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել նաև Դիարբեքիր քաղաքի դատախազությունը, հայտնում է թուրքական   demokrathaber.org-ը:

Դատախազությունը միջնորդությունը ներկայացրել է Փայլանի դեմ Թուրքիայի օրենսգրքի 301 հոդվածով (հոդվածը թուրք ժողովրդի և Թուրքիա պետության, պետական մարմինների հասցեին վիրավորանք հնչեցնելու համար պատիժ է նախատեսում) սկսված հետաքննության շրջանակում:

Փայլանի նկատմամբ հետաքննությունը սկսíել է նրա արած հայտարարությունից հետո, որում պատգամավորն ասել էր. «Դիարբեքիրի ամեն անկյունում կարելի է զրահատեխնիկա ու ջրցան մեքենաներ տեսնել, ինչը հիշեցնում է Հիտլերի ու Մուսոլինիի ժամանակաշրջանը»:

Իշխանությունների կողմից պատգամավորի հայտարարությունը դիտարկվել է որպես վիրավորանք թուրքական իշխանությունների և պետության հասցեին:

2018 թ. դեկտեմբերի վերջին Թուրքիայի նախագահականը կրկին մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն էր ներկայացրել:

Թուրքիայի նախագահականը, Փայլանից բացի, պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն էր ներկայացրել մեջլիսի ևս 7 պատգամավորների համար:

8 պատգամավորներից 6-ը  Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից են, իսկ 2-ը՝ իշխող «Արդարություն և զարգացում» և երկրի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցություններից:

Միջնորդությունն ուղարկվել էր Թուրքիայի մեջլիսի սահմանադրական և արդարադատության խառը հանձնաժողով, որի հաստատումից հետո կուղարկվի Արդարադատության նախարարություն:

Այս թեմայով
am