Փաշինյանի՝ Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու հայտարարությունը Ադրբեջանում պոպուլիստական են համարել

«Իմեջին» կոնֆլիկտների տրանսֆորմացիայի կենտրոնն այսօր հրավիրել էր Հարավային Կովկասի հակամարտություններին վերաբերող կլոր-սեղան քննարկման և «Կոնֆլիկտների համայնքահենք տրանսֆորմացիա Հարավային Կովկասում՝ խնդրականացնելով գենդերային նորմերը, առերեսվելով անցյալի հետ և պաշտպանելով շրջակա միջավայրը» ու «Քաղաքական անցումներն ու կոնֆլիկտները Հարավային Կովկասում» պարբերականների շնորհանդեսին: Վերոնշյալ պարբերականներում  հրապարակվել են հայ, ռուս, վրացի, ադրբեջանցի, թուրք և բրիտանացի հետազոտողների և վերլուծաբանների հոդվածներ: Բնականաբար, հատուկ ուշադրություն է դարձվել Ղարաբաղյան հակամարտությանը:

Ադրբեջանցի փորձագետ Զաուր Շիրիևն իր հետազոտության շրջանակում հարցումներ է ուղարկել մոտ 30 ադրբեջանցի փորձագետի, հետևել տեղի մամուլի հրապարակումներին և պարզել, որ Ղարաբաղի հարցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ ինչ-ինչ հույսեր են եղել. նրան համարել են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «աշակերտը» կամ Տեր-Պետրոսյանին նրա քաղաքական «կնքահայրը»: Սա` ըստ մամուլի հրապարակումների: Մինչդեռ փորձագիտական հարցմանը, թե կտարբերվի՞  Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը Ղարաբաղի հարցում Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունից, 70 տոկոսը պատասխանել է՝ ոչ, 30-ը՝ այո:

«Հետհեղափոխական ՀՀ-ի կառավարության և ադրբեջանական կողմի միջև շփումներն առաջին հինգ ամսում խրթին էին. Ադրբեջանի ժողովրդի մեջ փոփոխության հույսը մեծացավ ու հետո փոքրացավ: Չնայած այս թռիչքներին ու անկումներին, թյուրընկալումներին, իրարամերժ հայտարարություններին՝ ամենակարևոր տարրն  այն է, որ Հայաստանի նոր կառավարությունը կարողություն ունի առաջնորդելու կոնֆլիկտի կարգավորման ճանապարհը: Սրա պատճառն այն է, որ ՀՀ նախկին իշխանությունները շահում էին ղարաբաղյան պատերազմի ժառանգությունից, մինչդեռ նոր առաջնորդներն ավելի բաց են, և նրանց թվում կան պաշտոնյաներ, որոնք խաղաղաշինական գործի իրենց փորձն են բերում: Կոնֆլիկտի կարգավորման գործում առաջ գնալու համար վստահություն ստեղծելու հնարավորություն կա»,- գրում է Շիրիևը:

Ըստ նրա՝ երկու կողմերը տպավորիչ  նախնական համաձայնության են հասել հրադադարի ռեժիմի և օպերատիվ կապուղու մասին, որը, սակայն, փոխադարձ թյուրըմբռնումների տեղիք է տվել:

«Շատ կարևոր է, որ ՀՀ արտահերթ ընտրություններից հետո ադրբեջանական կողմը տեսնի, որ ՀՀ իշխանությունները խաղաղության տեսլական ունեն: Հայ հասարակության համար խաղաղության նախապատրաստման ծրագիր մշակելն անհրաժեշտ է ադրբեջանական հասարակությանը փարատելու համար»,- շարունակում  է փորձագետը:

Շիրիևի հետ աշխատած հայ փորձագետ  Անահիտ Շիրինյանը տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմը սպասումներ է ունեցել, որ Ռոբերտ Քոչարյանի գործի շրջանակում կվատանան Երևանի և Մոսկվայի հարաբերությունները, և Ադրբեջանը կօգտվի դրանից Ղարաբաղյան հակամարտության հարթությունում: Չի անտեսվել նաև Նիկոլ Փաշինյանի թիմի անդամների արևմտամետ լինելը:

«Ըստ նրանց՝ թիմից շատերը  կրթություն են ստացել Արևմուտքում, ուստի գուցե արևմտամետ են և ցանկանալու են բարելավել հարաբերություններ, հետևաբար` կոնֆլիկտի հաղթահարմանը և լուծմանն ավելի մեծ ուշադրություն կդարձնեն»,- ասաց նա՝ նշելով, որ թեև ՀՀ-ում թավշյա հեղափոխությունը ներքին ուղղվածություն ուներ, իշխանության եկած նոր ղեկավարության` ժողովրդավարության պլատֆորմի վրա ի հայտ գալն ազդեցություն ունի ընդհանուր արտաքին քաղաքականության, մասնավորապես՝ ԼՂ հակամարտության հարցում:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու հայտարարությունը Ադրբեջանում պոպուլիստական քայլ է համարվել:

Այս թեմայով
am