Վրաստանի ընդդիմությունն ընտրությունների արդյունքների չեղարկման պահանջով կդիմի ՄԻԵԴ

Վրաստանի ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով չեղարկել երկրում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները:

Թբիլիսիի վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել կուսակցության հայցը մերժող որոշումը, ինչից ելնելով վրացական ընդդիմությունը որոշել է դիմել ՄԻԵԴ: Ընդդիմադիրները պնդում են, որ ընտրություններն արդար պայմաններում չեն անցկացվել, ընտրողների հանդեպ ճնշում է գործադրվել, ինչպես նաեւ բաժանվել է ընտրակաշառք:

«Մենք հույս ունենք, որ Ստրասբուրգի դատարանն արդար որոշում կկայացնի եւ կչեղարկվի այն ընտրությունների արդյունքները, որոնք իշխանությունները գողացել են մեզանից»,- լրատվամիջոցներին ասել է «Միասնական ազգային շարժման» առաջնորդներից Թինաթին Բոկուչավան:

Վրացական ընդդիմադիր «Ուժը միասնության մեջ է» միավորումը չի ընդունում նախագահական ընտրությունների արդյունքները։ Մինչ այդ միավորման համախոհները տասնյակ ավտոմեքենաներով Թբիլիսիից Թելավի էին մեկնել բողոքի ակցիա անցկացնելու համար։

Այդ օրն այնտեղ կայացավ Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու երդմնակալության արարողությունը։

Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցկացվել է նոյեմբերի 28-ին։ Քվեարկության արդյունքով` Զուրաբիշվիլին ստացել է ձայների 59,52%-ը, նրա մրցակից Գրիգոլ Վաշաձեն` 40,48%-ը։

Սրանք վերջին ընտրություններն էին, որոնք ուղիղ քվեարկությամբ են անցնում, ապագայում պետության ղեկավարին 300 պատվիրակներ են նշանակելու։ Նոր նախագահի լիազորության ժամկետը 6 տարի է, ոչ թե նախկինի պես` հինգ։

Այս թեմայով
am