ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցը լիդերների մակարդակում որոշվում է. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Հայաստանը մտնում է զարգացման նոր փուլ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: 

«Ես կցանկանայի բարեկամական հայ ժողովրդին մաղթել, որ զարգացման այն նոր փուլը բերի կայունություն, երկրի առաջ ծառացած խնդիրների լուծում»,- նշեց դեսպանը: Նա հաջողություն մաղթեց նաև նոր ձևավորված խորհրդարանին, ձևավորվելիք կառավարությանը՝ նշելով, որ Ռուսաստանն աջակցում է Հայաստանին խնդիրների կարգավորման հարցում: 

«Կանենք մեզնից կախվածը, որ մեր երկկողմանի հարաբերությունները ամրանան ու զարգանան»,- ասաց Սերգեյ Կոպիրկինը: Նա գոհունակություն հայտնեց, որ Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները «չհանգեցրին հայ-ռուսական հարաբերությունների բազային բնույթի փոփոխության, որը դաշնակցային ու գործընկերային է»: Դրա մասին, դեսպանի խոսքով, վկայում է քաղաքական համագործակցության ինտենսիվությունը, առևտրային ու տնտեսական հարաբերությունների զարգացումը:

«Հայաստանից Ռուսաստան արտահանումների թիվն աճել է 30 տոկոսով: Միայն այս տարվա վերջին 9 ամիսներին՝ 15 տոկոսով: Հայաստանի հետ ակտիվ համագործակցել ենք ՀԱՊԿ, ԵԱՏՄ շրջանակներում»,- հավելեց նա: 

Հարցին՝ Ռուսաստանը «փափուկ քաղաքականություն» կիրառո՞ւմ է հարաբերությունները արդյունավետ դարձնելու համար, դեսպանը պատասխանեց, որ իրենք պետք է ավելի ակտիվ աշխատեն քաղաքացիական հասարակության, մամուլի հետ. «Կարծում եմ, որ արդյունավետությունը «փափուկ քաղաքականության» տեսանկյունից պետք է տեսանելի լինի առաջին հերթին Հայաստանին:

Հիմնական ռեսուրսը «փափուկ ուժի» կապերն են, որոնք միավորում են մեր ժողովուրդներին դարերի ընթացքում: Կա հսկայական պոտենցիալ կրթության, մշակույթի ոլորտներում համագործակցելու համար: Բավարարվել նրանով, ինչ կա, թույլատրելի չէ, մենք աշխատում ենք»:

Խոսելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի մասին՝ Ս. Կոպիրկինն ասաց, որ Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում հետևյալն է՝ Կազմակերպության ամրապնդում, անդամ-պետությունների միջև ներդաշնակություն, ՀԱՊԿ-ից բարձր արդյունավետություն: «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցը լիդերների մակարդակում որոշվում է: Ես կարծում եմ, որ մեր բոլորի հետաքրքրությունը Կազմակերպության ամրապնդումն է»,- նշեց նա:

 

Այս թեմայով
am