Մարտի 1-ի գործով ինձ վրա արյան մեղադրանք չի եղել նույնիսկ նախորդ իշխանության կողմից. Փաշինյանը՝ Քոչարյանին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց մեկնաբանել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը: Քիչ առաջ 8/16 ընտրատեղամասում Փաշինյանն ընտանիքի հետ կատարեց իր ընտրությունը:

«Ես չեմ մեկնաբանի Քոչարյանի կալանավորումը, որովհետեւ այդ գործընթացը, այդ քրգործը սկսել են վաղուց ու դա, իհարկե, ոչ մի կերպ կապ չունի ընտրությունների հետ։ Այդ գործընթացը, եթե չեմ սխալվում, սկսվել է 5 ամիս առաջ ու պարզապես շարունակվում է»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով իր եւ ԱԱԾ տնօրենի գաղտնալսված հեռախոսազրույցին ու դատարանին ցուցում տալու մեղադրանքներին, հայտարարեց, որ դատական համակարգին երբեք ոչ մի ցուցում չի տրվել, այդ թվում նաեւ Քոչարյանի դատավարության գործով: «Այս հեռախոսազրույցների այն մասերը, որոնք ապացուցում են դա, մոնտաժված են: Քննչական մարմինները ոչ թե ըստ իմ հայտարարությունների, այլ ըստ իրենց ձեռքի տակ եղած փաստական տվյալների են գործում»,- նշեց նա:

Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Քոչարյանի այն հայտարարություններին, որ ինքն է Մարտի 1-ի գլխավոր պատասխանատուն, ասաց, որ նույնիսկ նախորդ իշխանության ժամանակ կայացրած դատավճռով իր վրա արյան մեղադրանք չի եղել: «Նույնիսկ նախորդ իշխանության ժամանակ կայացրած դատավճռով ինձ վրա արյան մեղադրանք չի եղել եւ դուք, ինչպես գիտեք, ՄԻԵԴ-ը սկսել է Մարտի 1-ի գործով որոշումների հրապարակումը եւ, կարծում եմ, այդ որոշումներն արդեն իրենց մասին խոսում են եւ ցույց են տալիս, որ 2008թ.-ի Մարտի 1-ի իրադարձությունների՝ նախորդ իշխանությունների վարկածը, սկզբից մինչեւ վերջ շինծու է:

«Ես համոզված եմ, որ իրական պատկերն, ըստ էության, բացահայտված է։ Մանրամասներն ու պատասխանատուները կբացահայտվեն։ Հայաստանի Հանրապետության 10 քաղաքացի սպանվել են, ապացույցները կեղծվել են, բանակը ներգրավվել է ապօրինի կերպով ներքաղաքական պրոցեսների մեջ»,- ամփոփեց Նիկոլ Փաշինյանը։

Այս թեմայով
am