Ընտրությունների արդյունքում կիմանանք, թե ով է հիմնական ընդդիմադիրը. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ ընտրություններում քվեարկեց հանուն ազատ, երջանիկ ու հզոր Հայաստանի: Փաշինյանն իր քաղաքացիական պարտքը կատարեց Երևանի 8/16 ընտրատեղամասում, որտեղ եկել էր ընտանիքի՝ կնոջ և երեխաների հետ:

«Մենք արդեն հասել ենք մեր հիմնական նպատակին: Սրանք իսկապես ազատ, թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններ են: Մեր հիմնական նպատակն էր հասնել ժողովրդավարության, որը հաջողել ենք: Ապագայում ինստիտուցիոնալ առումով ավելի ենք ամրացնելու հայկական ժողովրդավարությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Փաշինյանը: Նա ընդգծեց, որ ընտրողներն են որոշում, թե ով պետք է լինի խորհրդարանում, և ով՝ ոչ: «Ընտրությունների արդյունքում կիմանանք, թե ով է Հայաստանի կառավարության հիմնական ընդդիմադիրը»,- հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի ղեկավարը:

Անդրադառնալով ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից մասնակցող Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարությանը, թե մարզպետներն աշխատում են «Իմ քայլը» դաշինքի օգտին՝ Փաշինյանն ասել է. «Մեր մարզպետների մեծ մասը թեկնածու են և քարոզարշավ են իրականացնում օրենքով սահմանված կարգով: Անտրամաբանական կլիներ, եթե նրանք քարոզարշավի ընթացքում աշխատեին ուրիշի օգտին: Օրենքը նրանց թույլ է տալիս թեկնածու լինել: Իհարկե, այս ընթացքում արձակուրդում են եղել»: Նա բացառեց մարզերում որևէ ուղղորդման դեպքի հավանականությունը: «Ես իմ բոլոր մարզային հանդիպումներում, դիմելով ՀՀ քաղաքացիներին, ասել եմ, որ նրանց որևէ մեկը չի կարող ասել, թե ում օգտին քվեարկեն»,- նկատեց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ Մարտի 1-ի գործին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը: «Ինչպես գիտեք, ՄԻԵԴ-ը սկսել է Մարտի 1-ի գործով որոշումների հրապարակումը, որոնք արդեն իսկ իրենց մասին խոսում են և ցույց են տալիս, որ 2008-ի Մարտի 1-ի մասին նախորդ իշխանությունների վարկածը սկզբից մինչև վերջ շինծու է: Ըստ էության, իրական պատկերը բացահայտված է: Մանրամասներն ու պատասխանատուները կբացահայտվեն»,- հայտարարեց նա:

Փաշինյանը հերքեց, որ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական համակարգի վրա որևէ ճնշում է եղել: «Դատական համակարգին երբեք ոչ մի ցուցում չի տրվել, այդ թվում և Քոչարյանի գործով: Պաշտոնապես հայտարարում եմ, որ ՀՀ դատական համակարգը երբեք այնքան անկախ չի եղել, որքան այսօր է»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Անդրադառնալով ՀՀԿ թեկնածու Դավիթ Շահնազարյանի կողմից պետական դավաճանության մեղադրանքների մասին հնչեցված հայտարարությանը՝ նա նշեց. «Եթե մեկը թաքցնում է պետական դավաճանության փաստը, նա առնվազն պետական դավաճանությանը նպաստող, աջակցող մեկն է: Հետևաբար նրանք, ովքեր մեզ մեղադրում են պետական դավաճանության մեջ, հենց իրենք են պետական դավաճաններ, քանի որ չեն գնում ԱԱԾ ցուցմունք տալու: Կամ թող ասուլիս հրավիրեն, մանրամասներ ներկայացնեն»:

Լրագրողների հետ զրույցում Փաշինյանը խոսեց նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի մասին: Նա հայտնեց, որ այս պահի դրությամբ որևէ որոշում չկա:

«ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով: Հայաստանն իր դիրքորոշումը հայտնել է, և ես ասել եմ, որ գլխավոր քարտուղարի հարցն ամենակարևորը չէ: Այսպես, թե այնպես Հայաստանի ժամկետը պետք է սպառվի: Շատ ավելի լուրջ խնդիրներ կան, որոնք շատ լրջորեն քննարկվում են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Այս թեմայով
am