Ընտրարշավի ընթացքում ձևավորված ատելության մթնոլորտը բովանդակային առումով հետքայլ էր. Դավիթ Հարությունյան

Այս տարիներին շատ կարևորել եմ ընդդիմության դերը և մշտապես քայլեր եմ ձեռնարկել, որ ընդդիմության դերակատարությունն ընդլայնվի: Այդ մասին քվեարկությունից հետո ասել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանը:

«Այսօր էլ ընդդիմության ձայնը պետք է լսելի լինի խորհրդարանում, որովհետև հենց ուժեղ ընդդիմությունն է, որ մշտապես ճնշում է գործադրում իշխանության թիկունքում և թույլ չի տալիս, որ իշխանությունը կատարի սխալ քայլեր»,- նշել է ՀՀԿ ներկայացուցիչը՝ հավելելով, որ 2018-ի գարնան իրադարձությունները 2008-ին ընդդիմության լիազորությունների ավելացման հետևանք էր:  

Դ.Հարությունյանը նշել է, որ ընտրախախտումներ կան, բայց դրանք լուրջ դեպքեր չեն՝ քարոզչության իրականացում, քվեաթերթիկների ոչ ճիշտ դասավորություն և այլն: Ըստ նրա՝ 2016-ին ընդունված Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս եթե ոչ իսպառ, ապա գրեթե 99.9 տոկոսով բացառել ընտրախախտումները:

ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչն ասել է, որ ընտրարշավը ձևի առումով չի տարբերվել 2017-ի ընտրություններից, բայց բովանդակային առումով աննախադեպ էր, որ մի կուսակցություն պայքարում էր ոչ թե հանուն ընտրողի քվեի, այլ որ մեկ այլ կուսակցություն չմտնի խորհրդարան: «Ատելության մթնոլորտը, որ ձևավորվել էր այս ընտրարշավի ընթացքում, սևերի և սպիտակների բաժանումն աննախադեպ էր, և բովանդակային առումով հետքայլ էր»,- ընդգծել է Դ.Հարությունյանը:    

Նա վստահություն է հայտնել, որ ՀՀԿ-ն լինելու է երկրորդ քաղաքական ուժը խորհրդարանում՝ նշելով, որ շատ են նրանք, որոնք չեն ցանկանում մեկ կարծիք լսել, իսկ ընդնդիմության դերակատարությունն, ըստ նրա, շատ մեծ է, որ Հայաստանը լինի անվտանգ երկիր:

 

 

Այս թեմայով
am