Նախընտրական արշավի հետ կապված լուրջ մտահոգություններ չունենք. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ

ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների հարցերով բյուրոյի դիտորդները Հայաստանում են, որպեսզի համոզվեն, որ ընտրությունները համապատասխանում են միջազգային ստանդարտներին, Հայաստանի Ընտրական օրենսգրքին եւ այլ օրենքներին: Այս մասին 9/40 ընտական տեղամասում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ուրսուլա Գաչեկը:

«Մենք պետք է օբյեկտիվորեն եւ բացառապես անկախ գործենք: Այս պատճառով մենք չենք կարող տրվել քաղաքական համակրանքներին: Մենք գործընթացի քաղաքական մեկնաբանումն ուրիշներին ենք թողնում»,- նշեց Գաչեկը:

Դեսպանը նշեց, որ իրենք նախընտրական արշավի կապակցությամբ լուրջ մտահոգություններ չեն ունեցել:

Այս ընտրությունը նախորդների հետ համեմատելու խնդրանքին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարը նշեց, որ իրենք չեն սիրում ընտրությունների համեմատությունը: Նա հավելեց, որ ԵԱՀԿ կայքում կարելի է ծանոթանալ նախորդ ընտրությունների գնահատականներին եւ կատարել սեփական եզրահանգումներ:

«Մենք, որպես կանոն, մի ընտրությունը մյուսի հետ եւ մի երկիրը մյուսի հետ չենք համեմատում»,- շեշտեց նա:

Գաչեկը հավելեց, որ նախնական արդյունքները կամփոփվեն երկուշաբթի՝ դեկտեմբերի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ, իսկ ավելի մանրամասն վերլուծությունը, ներառյալ հրահանգները, պատրաստ կլինի 2 ամսից:

Այս թեմայով
am