Պետք է միասնական լինել, ոչ թե զբաղվել միմյանց վրա ցեխ շպրտելով. Գագիկ Ծառուկյան(տեսանյութ)

Այսօր առավոտյան 29/29 տեղամասային ընտրատարածքում  2018 արտահերթ Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու և իրենց քաղաքացիական պարտքը կատարելու էին եկել  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, նրա որդին և  մայրը՝ Ռոզա Ծառուկյանը:   Լրագրողների հետ զրույցում ԲՀԿ առաջնորդը շեշտեց, որ եթե Փաշինյանը լավ քաղաքական գործիչ չլիներ, նա հիմա չէր լինի այնտեղ, որտեղ գտնվում է:

«Այսօր ամեն ինչ միայն սկսվում է, պետք է միասնական լինել, ոչ թե զբաղվել միմյանց վրա ցեխ շպրտելով:  Իմ թիմակիցներին էլ եմ ասել, հանդիպեք մարդկանց հետ ու լուրջ աշխատանքով զբաղվեք, ոչ թե փոխադարձ վիրավորանքներով:  Իսկ ես այս ամենով  ընդամենը ուզում եմ հավելյալ հնարավորություն ունենալ օգնելու իմ երկրին ու իմ ժողովրդին»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:

Հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերվում Ռ.Քոչարյանի կալանավորմանը, որը իրենք որակել են վրեժխնդրություն, Գագիկ  Ծառուկյանը պատասխանեց, թե մեր երկիրն օրենքի երկիր է, ամեն բան կպարզվի  նախաքննության  ու դատավարության ընթացքում, արդարացի լուծում կգտնվի,  առավելևս որ դեռ կա նաև Եվրոպական դատարան:

  Ինչ վերաբերվում է այս ընտրությունների առանձնահատկություններին, ապա,  ըստ ԲՀԿ առաջնորդի, սա ամեն առումով տարբերվում է նախորդներից , վարչական ռեսուրսի չարաշահում չկա և որևէ այլ խնդիր ևս, բացի մեկը մյուսի հաշվին դիվիդենտներ շահելու ցանկությունից:  

Ծառուկյանը  նաև ընդգծեց,  որ ամպագոռգոռ խոսելու իրավունք ունի նա, ով ստեղծել է մեծ ու լավ բան:  

Այս թեմայով
am