22/26 ընտրատեղամասում եղել են որոշակի տեխնիկական խնդիրներ. քվեարկությունը չի դադարեցվել

22/26 ընտրատեղամասում  չի եղել այնպիսի ընտրող, ով ստանա քվեաթերթիկների փաթեթ, որում բացակայում է որևիցե համարի քվեաթերթիկ, իսկ քվեարկությունն այդ ընտրատեղամասում չի դադարեցվել, այս մասին ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանն` անդրադառնալով լուրերին, թե իբր քվեարկությունն այդ ընտրատեղամասում դադարեցել է, քանի որ չորրորդ համարի՝ «Իմ քայլի» քվեաթերթիկներ փաթեթներում չեն եղել:

«Եղել է որոշակի խնդիր, և ապահովվել է այդ քվեաթերթիկների առկայությունը, քվեարկությունը վերականգնված է, որևէ ընդհատում չի եղել: Չի եղել այնպիսի ընտրող, ով ստանա առանց որևէ քվեաթերթիկի փաթեթ: Բոլոր 11 քվեաթերթիկները տրամադրվել են այդ տեղամասում մասնակցած բոլոր ընտրողներին։ Տեխնիկական խնդիր է եղել, այդ պահին հանձնաժողովը տեղադրած չի եղել այդ քվեաթերթիկները, կապ ենք հաստատել նաև տարածքային հանձնաժողովի հետ:  Դա անմիջապես ապահովվել է»,-ասաց Հակոբյանը:

Նա վստահեցրեց, որ այնպիսի իրավիճակ չի եղել, որ որևէ ընտրողի իրավունք խախտվեր։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: Մասնակցող ուժերն են՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մենք» դաշինքը, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, «Սասնա ծռեր» կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

Այս թեմայով
am