Նարեկ Սարգսյանը դեռ չի տեղափոխվել Հայաստան, Դատախազությունը զբաղվում է. Վալերիյ Օսիպյան

«Ինտերպոլի» և ոստիկանության ծառայողների լավ համագործակցություն ստացվեց, ինչի արդյունքում Նարեկ Սարգսյանը հայտնաբերվեց: Այս մասին այսօր Նուբարաշենում իր ընտրությունը կատարելուց հետո ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ անդրադառնալով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանի հայտնաբերմանը:

«Ազատության» հարցին, թե ոստիկանությունն ունե՞ր տեղեկություն, որ նա կեղծ անձնագրով է շրջագայում, Օսիպյանն ասաց. «Ամիսներ առաջ, երբ  մենք բարձրաձայնում էինք, որ մեր տեսադաշտում է, լրատվամիջոցներից ոմանք կարծում էին, որ անլուրջ հայտարարություններ եմ անում, բայց փաստը մնում է փաստ, որ նա հայտնաբերվեց։ Ես կասեի, որ շատ լավ համագործակցություն տեղի ունեցավ մեր գործընկերների հետ՝ և´ ոստիկանության ուժերի, և´ նաև «Ինտերպոլ»-ի միջազգային կառույցների հետ, եվրոպական տարբեր գրասենյակների հետ և տվեց իր դրական արդյունքը»։

Հարցին, թե նրան արդեն տեղափոխե՞լ են Հայաստան, Վալերիյ Օսիպյանն ասաց՝ դեռ ոչ. «Համապատասխան փաստաթղթերի շրջանակը կհավաքեն, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը զբաղվում է։ Կարևորը, որ ինքը ձերբակալված է, ձերբակալված է Պրահայում՝ Չեխիայի մայրաքաղաքում, այնուհետև կարտահանձնեն Հայաստանի Հանրապետությանը»։

Հիշեցնենք, որ Հայաստանի իրավապահների կողմից միջազգային մակարդակով հետախուզվող Նարեկ Սարգսյանը «Ինտերպոլի» աջակցությամբ դեկտեմբերի 6-ին հայտնաբերվեց Պրահայում։

Հայտնաբերման պահին, ըստ  ոստիկանության տարածած հաղորդագրության, նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալես  անհատական տվյալներով։

Հունիսի 26-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

Այս թեմայով
am