Արցախի խորհրդարանում ավարտվել են «Բյուջե-2019» նախագծի քննարկումները

Քիչ առաջ Խորհրդարանում ավարտվել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ ամփոփվել են «ԱՀ 2019թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի քննարկումները:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ամփոփելով կառավարության լիազոր ներկայացուցիչների կողմից ներկայացված նախագծերը և ի պատասխան պատգամավորների կողմից առաջադրված հարցերի՝ ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանն ասել է, որ քննարկումների ժամանակ մանրամասնորեն ներկայացվել են բոլոր հարցերը:

Իսկ ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Արամ Գրիգորյանը ներկայացրել է փորձագիտական ծառայության եզրակացությունը, ըստ որի՝ նախագիծը համապատասխանում է ԱՀ Սահմանադրությանը, և այդ առումով առաջարկություններ չեն եղել:

««ԱՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծին առնչվող այլ օրենքների կամ ԱԺ որոշման անհրաժեշտությունը բացակայում է: Առաջարկում եմ քվեարկել, որպեսզի դրական եզրակացությամբ 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը լիագումար նիստին ներկայացվի առաջին ընթերցմամբ ընդունելու համար: Մինչև վաղը՝ ժամը 11:00-ն, խմբակցությունները և պատգամավորները կարող են ներկայացնել իրենց առաջարկությունները»,- մանրամասնել է Ա. Գրիգորյանը:

Նիստին ներկա ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամներից երկուսը կողմ, իսկ մեկը ձեռնպահ են քվեարկել գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունն ընդունելու վերաբերյալ:

Այս թեմայով
am