«ԱՄՆ-ն փորձում է փչացնել Իրանի հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ». Ռոհանի

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները փորձում է խափանել Իրանի հարաբերություններն աշխարհի և հատկապես տարածաշրջանի երկրների հետ, գրում է IRNAգործակալությունը:


Ռոհանին շեշտել է, որ ի հեճուկս ԱՄՆ բոլոր քայլերի՝ իրենք շարունակում են սերտ հարաբերություններ պահպանել Իրաքի, Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Պակիստանի, Քաթարի և մյուս հարևանների հետ, և այդ բազմադարյա բարիդրացիական հարաբերությունները խախտել չի հաջողվի:

«ԱՄՆ-ն չի կարող խափանել մեր առևտրային հարաբերությունները տարածաշրջանի ու աշխարհի հետ: Նրանք պետք է իմանան, որ մարդիկ շարունակելու են պահպանել իրենց մշակութային, տնտեսական ու քաղաքական կապերը տարածաշրջանի ու աշխարհի հետ, մենք շփվելու ենք մեր հարևանների ու իսլամական երկրների հետ», - ասել է Իրանի նախագահը:

Ռոհանին նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ին չի հաջողվի «իրանաֆոբիա» սփռել տարածաշրջանում, ինչպես նաև Իրանի դեմ հանել Եվրոպան, փչացնել Չինաստանի ու Հնդկաստանի հետ Իրանի ունեցած հարաբերությունները:

Ավելի վաղ Ռոհանին հայտարարել է Պարսից ծոցից նավթի արտահանման հնարավոր դադարեցման մասին, եթե ԱՄՆ-ն շարունակի խոչընդոտել իրանական նավթի մատակարարմանն արտաքին շուկա:

Այս թեմայով
am