ԱՄՆ և Թուրքիայի նախագահները քննարկել են Խաշըգջիի գործն ու գյուլենականների հետապնդումները

Դոնալդ Թրամփն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են մասնավորապես Թուրքիայում Սաուդյան Արաբիայի դեսպանատանը սպանված արաբ լրագրող Ջեմալ Խաշըգջիի գործը, թուրքական գյուլենական շարժման հարցը, իսչպես նաև Սիրիայի խնդիրները։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի կայքը։

Թե ինչ պայմանավորվածություններ կամ համատեղ որոշումներ ունեն երկու նախագահները, չի մանրամասնվում։ Սակայն ակհայտ է, որ քննարկված այս թեմաները կապված են միմյանց։

Բանն այն է, որ երեկ տեղեկություններ տարածվեցին, ըստ որոնց՝ Միացյալ Նահանգների նախագահն իրավական ուղիներ է փնտրում ԱՄՆ-ում բնակվող ու Թուրքիայի նախագահի գլխավոր հակառակորդը համարվող Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային արտահանձնելու համար։ Դոնալդ Թրամփը ենթակա կառույցներին հրահանգել է գտնել այդպիսի տարբերակ:

Գյուլենը, որ կրոնական գործիչ է ու հիմնականում Թուրքիայի սահմաններից դուրս գործող ամբողջ շարժման առաջնորդ, նախկինում աջակցել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այն ժամանակ իշխանությունը վերցնելիս Էրդողանը հենվել է գյուլենական համայնքի վրա, իսկ երբ որոշել է դառնալ Թուրքիայի միանձնյա տիրակալը, ազգի թշնամի է հայտարարել Գյուլենին ու նրա վրա բարդել նաև 2016 թվականին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեղքը։ Տասնյակ հազարավոր ուժայիններ, զինծառայողներ հետապնդվել, աշխատանքից ազատվել ու դատապարտել են, գյուլենական շարժման անդամ լինելու մեղադրանքով։

Այդ ժամանակից Թուրքիայի իշխանությունները ԱՄՆ-ից պահանջում են իրենց հանձնել Գյուլենին, որը որպես քաղհալածյալ բնակվում է Նահանգներում։ Բայց պաշտոնական Վաշինգտոնը մինչ այս խուսափում էր Գյուլենին արտահանձնելուց, ու նաև այդ էր պատճառը, որ սրվում էին երկու երկրների հարաբերությունները։

Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում արաբ լրագրող Ջեմալ Խաշըգջիի սպանությունից հետո թուրքական կողմը սկսեց մեծ միջազգային ճնշում գործադրել արաբական միապետության վրա, սակայն Նահանգները որոշել էին ավելի մեղմ վարվել արաբների հետ, քանի որ զենք վաճառելու հսկայական գործարք ունեն նրանց հետ։

Այս թեմայով
am