Առաջինը հալվում են մե՛ր փամփուշտները… Համազգային «համաներու՞մ»

Վերջերս հաճախ ենք ստիպված լինում «սիրել»եւ «հանդուրժել» մարդկանց, մարդային խմբերի,  որոնց հանդեպ սեր տածելը ժամանակին կլիներ վատ երազի ժանրից:  

Մոտ մեկ ամիս առաջ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ուղեկցությամբ Արցախում էին Հայաստանի եւ ՌԴ հասարակական, քաղաքական, գրական, մեդիա ոլորտների գործիչներ, որոնք մեկնել էին առաջնագիծ` խաղաղության իրենց ուղերձը հղելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին։

Աննա Հակոբյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է.«Ի՞նչ ենք մենք ասում։ Մենք հորդորում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավված կողմերին եւ միջնորդ երկրներին՝ խնայել սահմանի այս ու հակառակ կողմերում կանգնած հայ եւ ադրբեջանցի 18-20 տարեկան զինվորների կյանքերը, չդժբախտացնել նրանց ծնողներին եւ երեխաներին, չխաղալ հարյուրավոր ընտանիքների ճակատագրերի հետ, հրաժարվել հակամարտության լուծման ռազմական ճանապարհից եւ հարցի կարգավորումը փնտրել բացառապես բանակցությունների սեղանի շուրջ։…

Որպեսզի ամեն ինչ հստակ լինի, ուզում եմ եւս մեկ անգամ շեշտել՝ մենք չենք խոսում հակամարտության ծագման, դրա լուծման տարբերակների մասին, մենք այդ ծանր աշխատանքը հաճույքով զիջում ենք տղամարդկանց, բայց մենք վստահաբար հորդորում ենք նրանց՝ այդ ընթացքում խնայել հայաստանցի եւ ադրբեջանցի երիտասարդների կյանքերը, չմեծացնել սեւազգեստ մայրերի բանակները երկու կողմից էլ»։

Առաջին տիկնոջ այս խոսքերը, անշուշտ, սրտացավ մոր եւ սրտացավ կնոջ խոսք է: Չմոռանանք,որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ Նիկոլ Փաշինյանը դարձավ առաջին  ղեկավարը, որն իր որդուն ուղարկեց սահման՝ պարտադիր ժամկետային զինծառայություն անցնելու: Ցանկացած մայր, որն իր որդուն ուղակում է բանակ, աթողում եւ երազում է միայն խաղաղության մասին:Ուստի հասկանալի է առաջին տիկնոջ այդ ցանկությու-հորդորը: Այդ ամենով հանդերձ չմոռանանքայն ճշմարտությունը, որ եթե ուզում ես խաղաղություն, ապա պետք է պատրաստ լինես պատերազմի, ասելէ թե՝ զենքդ վայր չդնես:

Բայց, այս հարցում առաջին տիկինը այլ մոտեցում ունի, նա ուզում է, որ մայրերի սիրո առջեւ հալվեն աշխարհի բոլոր փամփուշտները եւ դառնան զարդեր այդ մայրերի համար. «Եվ ես վստահ եմ, որ կանանց ու մայրերի միասնական ձայնը չի կարող իր ազդեցությունը չունենալ, եւ ես հավատում եմ, որ մայրերի տիեզերական սիրո առջեւ կհալվեն աշխարհի բոլոր փամփուշտները։ Օրինակ՝ դրանք կվերածվեն այնպիսի զարդերի, որ ես այս պահին կրում եմ։ Ներկայում իմ կրած զարդերը հալված փամփուշտից են պատրաստված։

Պարզվում է՝ Երեւանում կա մի վարպետ, որը զարդեր է պատրաստում հալված փամփուշտներից»: Եվ ասյպես, առաջինը հալվում են մե՛ր երկրի փամփուշտները, կարեւոր չէ, թե ինչ են դառնում…Եվ սա այն երկրի առաջին տիկնոջ ցանկությունն է, որն ամեն օր պատերազմի մեջ է, որն ամեն օր զոհեր է ունենում, եւ ամեն օր կանգնած է հսկայածավալ պատերազմի վտանգի առաջ: …Առաջինը հալվում են մե՛ր փամփուշտները…

Մինչ այդ, դեռեւս նորանշանակ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ետ կանչեց նախորդ կառավարության օրոք շրջանառության մեջ դրված՝դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակության ապահովման հայեցակարգը, որը նպատակ ուներ «նպաստել պատանիների շրջանում զինվորական մասնագիտության հանդեպ գրավչության մեծացմանը, ազգային արժեքների գիտակցմանը, հասնել բարոյական, համամարդկային և ազգային արժեհամակարգերի գիտակցմանը և համապատասխան վարքի դրսևորմանը»։

Նախարարի այս քայլը մինչ օրս համապատասխան պարզաբանում չի ստացել, թե ինչով էր խանգարելու ռազմահայրենասիրական դաստիարակությունը սերունդների զարգացմանը:   

Բոլորովին վերջերս հայաստանյան հասարակական կյանքում նոր շարժում սկսվեց, որը կարելի է համարել  «ադրբեջանասերների» շարժում.  նախ՝ համացանցում հայտնվեց կապտամազ Ասյա Չաչատրյանի լուսանկարը՝ իր ադրբեջանցի ընկերոջ հետ: Դրան հաջորդեց եւս մեկ գունամազ  աղջկա գրառումը՝ էլի ադրբեջանցիների հանդեպ ունեցած սիրո մասին:

Հետո այդ սիրուց շարունակեցին խոսել «հայի գենից զզվող» Էլի երիտասարդներ…

Պարզվում է, որ Հայաստանում կան երիտասարդներ, որոնք իրենց հոգու խորքում  գաղտնի սիրել են հարեւան ադրբեջանցիներին, եւ այդ սիրո մասին սկսեցին արտահայտվել միայն սիրո  հեղափոխությունից հետո: Թե որտե՞ղ, ե՞րբ եւ ի՞նչ պայմաններում է ծնվել այդ սերը մի ազգի նկատմամաբ, որի հետ մենք արդեն մի քանի տասնամյակ ունենք թշնամական հարաբերություն, չունենք մարդկային շփումներ, դրանք լավագույն դեպքում եղել են հեռադիտակով…:

Զարմանալի չէր լինի,եթե այդ սիրուց խոսեր մեր ավագ սերունդը, որոնք ժամանակին ընկերություն են արել ադրբեջանցիների հետ, տվել-առել են, աղ ու հաց են կիսել, հարեւան գյուղերի բնակիչներով հարեւանություն են արել, «դոստեր են» եղել: Նրանց սիրո վերադրարձը ինչ-որ չափով հասկանալի կլիներ:

Բայց ինչի՞ց ծնվեց այս երիտասարդների մոտ  սերը մի ազգի հանդեպ, որը մեզ  «պագեւել» է  Սումգայիթ, Սաֆարով, հազարավոր զոհեր, սահմանին վախով մեծացող երեխաներ, դատարկված գյուղեր, ապրիլյան ընդհատված կյանքեր: Որտեղի՞ց եկավ այս «համաներումը» այդ ազգի հանդեպ: Իսկ մեր զոհերի հարազատներին հարցրե՞լ են, համաձա՞յն են նրանք այդ «համաներմանը», թե ՝ ոչ:

Ապրիլյան քառօրյայի ժամանակ անդամահատված իրենց հասակակիցներին նորաթուխ ադրբեջանասերները հարցրե՞լ են, թե նրանք ի՞նչ են զգում ադրբեջանցիների հանդեպ:  

Վերլուծելով առաջին տիկնոջ՝ հալված փամփուշտներից պատրաստված զարդերը,ԿԳ նախարարի քայլերը ,  նոր՝ «հեղափոխական» սերնդի սիրո պոռթկումները առ ադրբեջանցիներ, կարելի է գալ հետեւության, որ այս «սերը» պետական քաղաքականության ծրագիր է, որին կհաջորդի հանդուրժողականության քաղաքականությունը՝ իր բոլոր հետեւանքներով : Ի դեպ, հանդուրժողականությունն էլ է արդեն դրսեւորվում. Արարատի մարզի Զանգակատուն գյուղի բնակիչները երկար ժամանակ է՝ ահազանգում են.«Գրեթե հանելուկային պայմաններում, անհասկանալի իրավիճակում, այն տարածքները, որոնք ազատամարտիկները ազատագրել էին 1991-92թթ․, հայտնվել են մեր հակառակորդի տիրապետության ներքո։

Գյուղացիները շատ անհանգստացած են, թե այդ ամենն ինչպես տեղի ունեցավ, ինչպես հակառակորդը նորից, խաղաղ ձեւով տեր դարձավ ազատագրված տարածքներին։ Գյուղը խաղաղ ապրում էր, ոչ մի լարվածություն չկար։

Բայց մեր դիրքերը հանձնելուց հետո, որի մասին ոչ մեկը բացատրություն չի տալիս, գյուղը եւ հարակից համայնքները հայտնվել են լարվածության մեջ։ Տալիս են անորոշ, հեղհեղուկ պատասխաններ, եւ անհայտ է մնում, թե ինչպես եղավ, որ մեր դիրքերը անցան հակառակորդի ձեռքը: Մի 6-7 պոստերում ադրբեջանցիները նստած են։ Երկու հոգի այս մեկ շաբաթվա ընթացքում վիրավորվեցին, լինում են հրդեհներ։

Պարզ չէ, թե սա ինչ ծրագիր էր, ինչպես մարդիկ եկան, նստեցին, ով է դրա համար պատասխան տալու։ Հայաստանի ոչ մի ղեկավար բացատրություն չի տալիս, թե դա ինչպես է եղել։ Եվ Զանգակատան հատվածը դարձել է թեժ կետ, կրակում են, հրդեհներ են լինում, լարվածությունը պահպանվում է»:

Նրանք պահանջում են, որ իշխանությունները պարզաբանեն, թե ինչու՞, ու՞մ համաձայնությամբ են հանել դիտակետերը, ինչու ՞մեր կողմից չի եղել դիմադրություն…                     

Սա, արդեն, հանդուրժողականության ոլորտից է: 

Հ.Գ. Ի դեպ, Ադրբեջանում դեռ շարունակում են հայատարարություն սերմանել երիտասարդների մեջ: Իսկ մեր փամփուշտներն արդեն հալվում են…

 

Նաիրա ՎԱՆՅԱՆ 

 

 

Այս թեմայով
am