Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը ոչ մի տարածք չեն «ազատագրել». Դավիթ Տոնոյան

Օպերատիվ կապի համար նշանակված են համապատասխան պաշտոնյաներ և՛ ՀՀ-ում, և՛ Ադրբեջանում. կապն իրականացվում է այդ պաշտոնյաների միջոցով: ՊՆ-ում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

«Կապը մինչ այժմ գործում է անխափան, Դուշամբեի պայմանավորվածությունները գործում են»,- ասաց նա: Անդրառնալով օպերատիվ կապի հաստատման գործընթացում անմիջական հրամանատարների ներգրավմանը՝ նախարարի պաշտոնակատարը նշեց՝ դա ռիսկերի նվազման, միջադեպերի նվազման համար շատ հզոր միջոց կարող է լինել, բայց այս փուլում մենք սահմանափակ ենք: Եվ համանախագահների մոտ բարձրացնում ենք հարցը, որ նպատակահարմար է:

Նախիջևանում տեղի ունեցողի վերաբերյալ անընդհատ եղած հրապարակումների մասով էլ նա նշեց. «Ես հայտարարում եմ պաշտոնապես, որ Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը ոչ մի տարածք չեն ազատագրել: Դա եղել է միջդիրքային տարածություն, որը կրճատվել է, ընդ որում, Նախիջևանի տարածքում, որտեղ երբևիցե ՀՀ զինված ուժերը վերահսկողություն չեն իրականացրել: Մենք դիմել ենք որոշակի միջոցների, որպեսզի վերացնենք առավելությունները, որոնք կարող էին առաջանալ այդ տեղաշարժից: Այդ գործողությունները հաջողությամբ արվել են»,- ասաց նա:

Խոսելով բնակիչների մոտ եղած տագնապներից՝ Դավիթ Տոնոյանը նշեց՝ շփումների մեջ են տեղի բնակչության հետ: «Աշխատում ենք, բացատրում ենք, որ այդ դիրքերի տեղափոխումը իրենք չպետք է սպառնալիք գնահատեն: Այն ռիսկերը, որոնք գոյություն ունեն, մենք նվազեցրել ենք: Այս խնդիրը բարձրացվել է նաև մեր տարբեր գործընկերների առջև»,- ասաց նա:

 

Այս թեմայով
am