Գործարարն՝ ընդդեմ պաշտոնյաների.կոռուպցիոն սկանդալ

Գործարար Վարշամ Ղարիբյանը, ով հանրությանը հայտնի է«Շանթի Յուրա» անունով, 2005թ-ից իր սեփականությունը հանդիսացող գործարանի տարածքի վաճառքի արդյունքում  հայտնվել է քաշքշուկների մեջ եւ կորցրել է թե՛ իր սեփականությունը,եւ թե՝ չի ստացել վաճառքի պայմանագրով նախատեսված գումաը: Ղարիբյանը  Meganews.am-ին պատմում է, որ 852,2 քմ ընդհանուր մակերեսով գործարանը առք  ու վաճառքի պայմանագրով վաճառել է ՀՀ Գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանին ՝ 19.500.000 դրամով: Գնորդ Մուրադյանը, սակայն, ըստ Ղարիբյանի, չի կատարել վճարման պարտավորությունները, ինչի պատճառով ինքը 2008թ-ին նամակով առաջարկել է լուծարել պայմանագիրը եւ վերադարձնել անշարժ գույքը: Մինչդեռ, Մուրադյանը ոչ միայն չի լուծարել պայմանագիրը և չի վերադարձրել գույքը, այլև՝ գույքը վաճառել է Ասատուր Կարապետյանին, այն գրանցվել է ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ «Կենտրոն» ՏՍ-ի կողմից և նրան տրամադրվել է սեփականության իրավունքի գրանցման վկայական: Ղարիբյանը 22.08.2008թ. հայցով դիմել է Երևանի քաղաքացիական դատարան՝ խախտված իրավունքների վերականգնման համար: Դատարանը 26.12.2008 թվականին վճռել է հայցը բավարարել, սակայն, Վահագն Մուրադյանի և Ասատուր Կարապետյանի կողմից համապատասխանաբար ներկայացվել են վերաքննիչ բողոքներ: Ըստ Ղարիբյանի.«ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ 16.04.2009թ. ակնհայտ ապօրինի, կողմնակալ և չհիմնավորված որոշմամբ, վերաքննիչ բողոքը բավարարվել է, դատարանի 26.12.2008թ.-ի վճիռը բեկանվել է և փոփոխվել, այն է՝ գործի վարույթը մի մասով կարճվել է, մյուս մասով՝ մերժվել: Գործը Վերաքննիչ դատարանում քննվել է դատավոր Կարեն Չիլինգարյանի նախագահությամբ: Գործով վճռաբեկ բողոք եմ ներկայացրել, սակայն 01.07.2009 թվականի Վճռաբեկ դատարանի որոշմամբ բողոքս վերադարձվել է: Վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Չիլինգարյանի անմիջական մասնակցությամբ կայացվել է ակնհայտ ապօրինի դատական ակտ, որով խախտվել է իմ՝ թե՛ որպես գույքի սեփականատիրոջ և թե՛ առուվաճառքի պայմանագրով վաճառող կողմի իրավունքները: Մասնավորապես՝ 19.500.000 /տասնինը միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ արժողությամբ գույքը անցել է Վահագն Մուրադյանի տիրապետման և տնօրինման տակ այն դեպքում, երբ վերջինիս կողմից չի կատարվել պայմանագրի՝ 19.500.000 /տասնինը միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի վճարման պարտավորությունը: Արդյունքում զրկվել եմ թե՛ իմ սեփականության իրավունքից և թե՛ չեմ ստացել ինձ պատկանող անշարժ գույքի վաճառքի գումարը: Վերաքննիչ դատարանի որոշումից պարզորոշ երևում է, որ դատավոր Չիլինգարյանի և Վահագն Մուրադյանի միջև առկա է եղել կոռուպցիոն կապ՝ վերջիններիս հանցավոր համագործակցության արդյունքում: Դատավոր Կարեն Չիլինգարյանի դրսևորած կողմնակալությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործով պատասխանող Վահագն Մուրադյանը երկար տարիներ Հայաստանի Հանրապետությունում զբաղեցրել և զբաղեցնում է բարձր պաշտոններ, ինչը իրական և ողջամիտ կասկածներ է հարուցում տվյալ գործով դատավոր Կարեն Չիլինգարյանի անկողմնակալության մեջ: Ավելին՝ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Ժուլվերի Մուրադյանի՝ «թաքնված միլիոնատեր», «հայտնի քցող» լինելու հանգամանքները արտացոլված են նաև համացանցային տարբեր հրատարակություններում և հայտնի են դառնում Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում լրացված բազմաթիվ քաղաքացիական գործերից: Մինչդեռ նոր Հայաստանի ժամանակներում որդեգրված առաջնային համարվող կոռուպցիայի դեմ պայքարում Վահագն Մուրադյան անձի՝ որպես հայտնի կոռուպցիոների աշխատանքային գործունեությունը դատախազության համակարգում իրական վտանգ է ստեղծում ոչ միայն շարքային քաղաքացիների, այլև՝ ողջ պետության համար»: Իր՝ սեփականության իրավունքները պաշտպանելու խնդրանքով Վարշամ Ղարիբյանը դիմել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին,ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին: Հարցին, թե այս տարիներին երբեւէ դիմե՞լ է երկրի համապատասխան պաշտոնյաներին, գործարարը պատասխանեց .«ոչ, քանի որ այն ժամանակ մեր երկրի ադարադատությանը չեմ հավատացել, գիտեի, որ գործում է կոռուպցիոն ցանց, որի մեջ ոչ ոք իմ գործին արդար լուծում չէր տա: Իսկ հիմա հավատում եմ նոր Հայաստանի եւ հեղափոխական Վարչապետի արդարադատությանը»:

 

Այս թեմայով
am