Մեծ գույքագրում նախկին իշխանությունում. «օդիոզների» քաղաքական ուրվագծերը

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի Հայաստանի քվոտայի, այսպես ասած, չեղարկումը Նիկոլ Փաշինյանի կառավարության հերթական բացահայտ ձախողումն է: Ինչպես հայտնի է, ՀՀԿ մեկ այլ ներկայացուցիչ՝ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ըստ էության «ուժեղ ընդդիմության» առաջարկ էր արել Նիկոլ Փաշինյանին:

Ակնառու է, որ Շարմազանովի և Վիգեն Սարգսյանի դիրքորոշումները որոշակի հակասության մեջ են, որովհետև «ուժեղ ընդդիմությունը» ենթադրաբար պետք է ՀԱՊԿ-ին մեղադրի Հայաստանի քվոտան, այսպես ասած, անհիմն կերպով չեղարկելու մտադրության համար, ոչ թե դա հռչակի Նիկոլ Փաշինյանի հերթական բացահայտ ձախողում: Վերջին հաշվով, այդպիսի հռչակումով արդարացվում է Հայաստանի հանդեպ ՀԱՊԿ առնվազն որոշ անդամների քայլը: Եվ դա այն դեպքում, երբ նախօրեին Աստանայում տեղի ունեցած Վեհաժողովում Ղազախստանի նախագահ Նազարբաևը, ինչպես նշել էինք ավելի վաղ, գործնականում բացահայտեց այդ կազմակերպությունում Հայաստանի դեմ առնվազն որոշ անդամների և Ադրբեջանի սերտ գործակցությամբ հյուսվող դավադրությունը: Եվ առավել ևս, որ այդ դավադրության պատմությունը ամենևին նոր չէ, և այն իր մաշկի վրա տարբեր տարիների զգացել է նաև ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ահա այս համատեքստում «ուժեղ ընդդիմությունը» պետք է ենթադրի ՀԱՊԿ-ին ուղղված մեղադրանք, ինչը ըստ, այսպես ասած, մեխանիկայի՝ պետք է ուժեղացնի Նիկոլ Փաշինյանի դիրքերը ՀԱՊԿ-ում: Այդպիսով ակնառու է դառնում տրամաբանական հակասությունը Վիգեն Սարգսյանի «առաջարկի» և ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի՝ ՀԱՊԿ ԳՔ քվոտայի չեղարկմանը տված գնահատականի միջև: Այդպիսով, ըստ էության, ստացվում է, որ Վիգեն Սարգսյանը մի բան է առաջարկում, իսկ ՀՀԿ խոսնակը անում է մեկ այլ բան, որը ցույց է տալիս Վիգեն Սարգսյանի առաջարկի սին լինելը:

Սա իհարկե առաջացնում է հարցեր, առավել ևս այն պարագայում, երբ արդեն վաղուց բավականին նկատելի է ՀՀԿ ներքին շրջանակում անգամ, այսպես ասած, քաղաքական սեգմենտի միջև առաջացած լուրջ բաժանարար գծերի առկայությունը: Եթե այդ գիծը անցնում էր պայմանական՝ օդիոզներ-քաղաքականներ բաժանումով, ապա ըստ էության տարանջատումից հետո բաժանարար գծերն անցնում են արդեն «քաղաքականների» միջև, և դրանք դառնում են ավելի ու ավելի ակնառու, առնվազն նոյեմբերի 11-ին ՀՀԿ խորհրդի նիստին ընդառաջ, որտեղ քննվելու է ընտրությանը մասնակցելու հարցը: Իսկ մասնակցության հարցն անշուշտ լոկ «օլիմպիական» տրամաբանություն չէ, որ ունի ՀՀԿ-ի համար:

Մեծ հաշվով այս կուսակցության ներսում ընթանում է նախկին, թեկուզ կորսված իշխանության «գույքագրման» բավականին լայն գործընթաց, և այդ գործընթացը, տեղի ունենալով ՀՀԿ շրջանակում, իրականում ներառում է ոչ միայն ՀՀԿ շրջանակներ և առավել ևս ամենևին ոչ քաղաքական շրջանակներ: Ավելին, գործնականում օդիոզներ-քաղաքականներ բաժանումը ըստ էության առերևույթ բաժանում է, իսկ իրականում «օդիոզները» ոչ թե բաժանվել են «քաղաքականներից», այլ զգալիորեն օդիոզներն են ներկայումս բաժանում «քաղաքականներին»՝ պոստիշխանական «գույքագրման» ներքին հարցերը լուծելու համար:

 գրում է.՝ 1in.am-ը 

Այս թեմայով
am