Ցուցակներում մենք պատահական մարդիկ չենք ունենա. Գորգիսյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը բուռն աշխատանքային գործընթացներում է: Այս մասին  հայտնել է ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Գորգիսյանը:

«Նույնիսկ կատակով ասում ենք՝ մեզ մոտ առաջին կարգի տագնապ է, որովհետև օրուգիշեր գրասենյակներում ենք, բոլոր մարզային կառույցները ևս նույն տեմպով աշխատում են: Ամբողջ ծավալով պատրաստվում ենք ընտրություններին»,- ասաց նա:

Գորգիսյանը նշեց, որ ներկայանալի ցուցակ են ունենալու, հիշեցրեց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Էդմոն Մարուքյանը:

«Մնացած համարների մասին այսօր չեմ խոսի, շուտով մենք կհրապարակենք: Միաժամանակ կարող եմ ասել, որ ցուցակում ներգրավված են լինելու տարբեր ոլորտի լավ մասնագետներ, գիտնականներ: Ցանկացած ոք մեր ցուցակից կարող է գալ, նստել և պատասխանել կուսակցությանը վերաբերող բոլոր հարցերին: Այդ ցուցակներում մենք պատահական մարդիկ չենք ունենա: Դեռ հստակ չեմ կարող ասել, թե քանի հոգուց է բաղկացած լինելու ցուցակը, բայց, կարծում եմ՝ մոտ 200: Մենք ցուցակում չունենք որևէ մեկը, ով կարող է մեր լուսավոր ցուցակում սև կետ լինել: Բոլորը մաքուր անցյալով են, բոլոր իրենց ոլորտներում ունեն հաջողություններ»,-ասաց նա:

Նա դժվարացավ ասել, թե ով կգլխավորի կուսակցության շտաբը: Հարցին, թե արդյոք հենց ինքը կլինի այդ կարգավիճակում, Գորգիսյանը պատասխանեց.

«Կազմակերպչական շատ մեծ բեռ, այո՛, ինձ վրա կա, բայց ամբողջությամբ ղեկավարել չեմ կարողանա, որովհետև ես պետք է մասնակցեմ քարոզարշավին: Երկու գործառույթ անհամատեղելի կլինեն»,- ասաց Գորգիսյանը:

Այս թեմայով
am