Բալային համակարգի մասին օրենսդրական փաթեթի նախագիծն արդեն որոշակի փոփոխությունների է ենթարկվել. ՃՈ պետի տեղակալ

Հանրային քննարկումների արդյունքում Ճանապարհային ոստիկանության բալային համակարգի մասին օրենսդրական փաթեթի նախագիծն արդեն որոշակի փոփոխությունների է ենթարկվել: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է Ճանապարհային ոստիականության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը:

«Սա վերջնական չէ, բոլոր առաջարկները մանրամասն ուսումնասիրվելու են: Շտապելու կարիք չունենք այս առումով: Հանրությանն ամենայն մանրամասնությամբ իրազեկելու ենք այդ համակարգի գործունեության վերաբերյալ»,- ասել է Խաչատրյանը:

Խաչատրյանի տեղեկացմամբ՝ փոփոխություներից մեկով ընդլայնվել է բալային համակարգով կիրառվող խախտումների քանակը՝ 16-ից դառնալով 20: Ճանապարհային ոստիականության պետի տեղակալը նշել է, որ փաթեթի վերաբերյալ քննարկումները շարունակվում են, և նոր փոփոխություններ կիրականացվեն հանրային քննարկումների արդյունքում:

Ըստ բալային համակարգի մասին օրենսդրական փաթեթի նախագծի՝ ամեն տարի վարորդին կտրվի 9 միավոր և կախված խախտումների վնասակարության աստիճանից՝ այդ միավորներից կնվազեցվի 1, 2 կամ 4 միավորով, իսկ 0 միավոր ունենալու դեպքում վարորդը ժամանակավոր կզրկվի վարորդական իրավունքից:

Ճանապարհային ոստիկանությունից կրկին հիշեցնում են՝ ներդրվող համակարգը նպատակ ունի կանխել խախտումները. նոր փոփոխություններով՝ մի շարք իրավախախտումների համար նախատեսված տուգանքները կնվազեն՝ առավելագույն 500 հազար դրամից դառնալով 25 հազար դրամ:

Այս թեմայով
am