Մխիթար Հայրապետյանն ընդունեց Ալէքքօ Պէզիքեանին

 

 

Նոյեմբերի 9-ին սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն ընդունեց գործարար,
ազգային բարերար Ալէքքօ Պէզիքեանին: Նա ծնունդով Լիբանանից է, այնտեղ զբաղվել է ազգային-
հասարակական ակտիվ գործունեությամբ՝ երկար տարիներ աշխատելով Հայ դատի գրասենյակում: Մեծանուն
սփյուռքահայն արդեն 36 տարի ապրում ու աշխատում է Իտալիայում:
«Տեսա, որ Լիբանանում լավ այցելություններ եք ունեցել»,-դիմելով Մխիթար Հայրապետյանին՝ նշեց հյուրն ու
հավելեց, որ Պէզիքեան ընտանիքը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հետ տասնամյակների
բարեկամություն ունի:
Խոսելով հայաստանյան ծրագրերի մասին՝ Ալէքքօ Պէզիքեանը հատկապես առանձնացրեց 2015 թվականին իր
և իր տիկնոջ բարերարությամբ Երևանում բացված «Անի Պէզիքեան» երիտասարդական կենտրոնը:
Կենտրոնում բնակվում են մարզերից մայրաքաղաքում կրթություն ստացող, սակայն սոցիալական պայմաններից
ելնելով բնակարան վարձակալելու խնդիր ունեցող ուսանողուհիները, և թիրախային խմբում են առաջին հերթին
մանկատան սաները: «Միակ պայմանը բարձր առաջադիմությունն է: Այսօր փոխվել են երիտասարդ սերնդի
մոտեցումները: Կա կրթության արժեքի ընկալումը»,-նշեց բարերարը: Նրա ընտանիքի հովանավորությամբ
այսօր բուժում են ստանում նաև քաղցկեղով հիվանդ բազմաթիվ մարդիկ, և բարեգործական ծրագրեր են
իրականացվում ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց սփյուռքի խնդիրներին, համահայկական հայեցակարգերի
անհրաժեշտությանը: «Հիմա Հայաստանի Հանրապետությունը ևս պիտի դերակատարություն ստանձնի
աշխատելու սփյուռքյան այն կառույցների հետ, որոնք պետականության շահն են առաջ տանում: Հայաստանը՝
որպես կապող կամուրջ, շատ թույլ է եղել նախկինում: Ոչ ոք իրավունք չունի խառնվելու համայնքերի ներքին
գործերին, սակայն պիտի մշակվեն մի քանի հայեցակարգեր, որոնց շուրջ պիտի լինի համահայկական-
համազգային կոնսենսուս: Շատ հաճախ անձնական տարաձայնությունները պիտի ստորադասվեն»,-շեշտեց
նախարարի պաշտոնակատարը:
«Ես պիտի աշխատեմ, որովհետև մարդիկ կան, որ նեցուկ ունենալու կարիք ունեն»,-հանդիպման ավարտին
հավելեց Ալէքքօ Պէզիքեանը:

Այս թեմայով
am