Մտահոգիչ է, եղբա՛յր. Շարմազանովը դիմել է Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում Հայաստանը հետեւողական զիջում է իր անվտանգության դիրքերը: Այս մասին, հայտարարություն է տարածել ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա, մասնավորապես, նշել է.

 

«Փաստորեն նոյեմբերի 8-ն էլ անցավ, բայց Հայաստանը ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղար չունեցավ: Մի բան է պարզ դառնում. Փաշինյանի կառավարման շրջանում Հայաստանը հետեւողական զիջում է իր անվտանգության դիրքերը: Ավելին, բացահայտ նշվում է, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը Բելառուսին է տրվելու: Սա Փաշինյանի կառավարության հերթական բացահայտ ձախողումն է:

Իսկ ի՞նչ է լինելու: Ասեմ, սեփական ձախողումը քողարկելու համար կարծում եմ՝ մենք ականատես կլինենք, այսպես ասած, կոռուպցիայի դեմ պայքարի, նոր բացահայտումների կամ սեւերի ու սպիտակների հերթական բաժանման:

 

Պարոն վարչապետ, կոռուպցիայի ու ցանկացած ապօրինության դեմ էլի պայքարեք, բայց ոչ ի հաշիվ Հայաստանի ու Արցախի անվտանգության:

Հա, մեկ էլ մի բան՝ էդ նորմալ ու կիրթ տպավորություն թողած Ալիեւը հերթական անգամ խոսել է ինչ-որ տարածքներ վերադարձնելու, Արցախը ադրբեջանական հող լինելու, Հայաստանից զիջումներ կորզելու մասին: Ես սպասում էի Ձեր արձագանքին, բայց Ձեր խրոխտ ու վճռական խոսքի փոխարեն ստացա լռություն: Մտահոգիչ է, եղբա՛յր:

Հայաստանի թիվ մեկ մարտահրավերը եղել եւ մնում է ՀՀ անվտանգության ամրապնդումն ու Արցախի հարցի արդար եւ հայանպաստ լուծումը»:

Այս թեմայով
am