Քննչական կոմիտեի պարզաբանումը լրագրողի և Հրազդանի դպրոցի տնօրենի հեռախոսազրույցի ձայնագրության վերաբերյալ

ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության ընթացքում հարցաքննվել են Հրայր Մելքոնյանը, Տիգրան Բակլաչյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ փաստերի ստուգման բաժնի ղեկավար Ռաֆայել Աֆրիկյանը, թիվ 5 միջնակարգ դպրոցի 20 ուսուցիչներ, ստացվել են Տ.Բակլաչյանի օգտագործած բջջային հեռախոսահամարի ելքային և մուտքային հեռախոսազանգերի վերծանումները, ինչպես նաև այլ քննչական և դատավարական գործողություններ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը, պարզաբանելով Դանիել Իոաննիսյանի հայտարարությունը:

«2018թ. հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի օգնական` Հրայր Մելքոնյանը դիմում է հասցեագրել Կոտայքի մարզի դատախազին և հայտնել, որ հոկտեմբերի 18-ին համացանցի FIP.am կայքում տեղեկատվություն և ձայնագրություն է տեղադրվել, որով իրեն անհայտ անձը, զանգահարել է Հրազդանի թիվ 5 դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանին և իր անունից ներկայանալով, սադրել և ընտրական օրենսգրքին հակասող առաջարկներ ու պահանջներ է ներկայացրել՝ պահանջելով որոշակի քանակությամբ անձանց մասնակցություն ապահովվել համայնքի ղեկավարի թեկնածու, Սասուն Միքայելյանի որդու` Սևակի նախընտրական հավաքին, ինչին Տ.Բակլաչյանը համաձայնվել է:

Այնուհետև, նշված անձը, խախտելով հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը, ձայնագրությունը տեղադրել է համացանցում»,-ասաց նա:



Քննչական կոմիտեից հայտնեցին, որ չնայած այն հանգամանքին, որ քրեական գործ է հարուցվել հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստով, սակայն քննության հիմնական առարկան եղել է նաև նախընտրական շրջանում վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման հանգամանքը պարզելը.

«Նախաքննության ընթացքում Ռ. Աֆրիկյանը հայտնել է, որ տեղեկություններ է ստացել Հրազդանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի ընթացքում թեկնածու Սևակ Միքայելյանի քարոզարշավին թիվ 5 դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանի կողմից ուսուցիչներին և աշակերտներին ներգրավելու մասին: Այն ստուգելու համար զանգահարել է Տ.Բակլաչյանին և ներկայանալով իբրև Սասուն Միքայելյանի օգնական, հարցրել է, թե քանի հոգի կարող է ապահովել նախընտրական հանրահավաքին: Տ.Բակլաչյանը հարցրել է, թե քանի հոգի է հարկավոր, ինչին ի պատասխան նշել է, թե 200 հոգի, իսկ տնօրենն առաջարկել է բերել 100 հոգի, այդ թվում 9-րդ դասարանցիները: Այնուհետև հարցրել է, թե կեպկաներ ունեն, տնօրենը հայտնել է, որ չունեն: Այս ամենից հետո, ձայնագրված հեռախոսազրույցը տեղադրել կայքում»:

Այնուհետև Քննչական կոմիտեից տեղեկացրին, որ Տ.Բակլաչյանը հայտնելով հեռախոսազանգի մասին, նշել է, որ անակնկալի է եղել հեռախոսազանգից, քանի որ Կոտայքի մարզպետի կողմից բանավոր նախազգուշացվել են զերծ մնալ քաղաքական գործընթացներին մասնակցելուց»,-ասաց նա: Հայտնել է նաև, որ զանգահարողին հարցրել է, թե արդյոք հանրահավաքը տեղի է ունենալու Երևանում՝ քաջ գիտակցելով, որ Հրազդանի քաղաքապետի թեկնածուի քարոզարշավը չի կարող անցկացվել այնտեղ, նույնիսկ, խոսակցությունը երկարացնելով, փորձել է պարզել, թե ով է զանգահարողը:

Տ.Բակլաչյանը հայտնել է նաև, որ երբևէ ուսուցիչներին և դպրոցականներին չի ներգրավել քարոզարշավներին կամ հանրահավաքներին:

Դպրոցի հարցաքննված 20 ուսուցիչները ևս պնդել են, որ տնօրենը երբևէ իրենց և դպրոցականներին չի ներգրավել քարոզարշավներին և հանրահավաքներին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ինչ վերաբերվում է Դ.Իոաննիսյանի հաղորդմանը, որ 21.10.2018թ. ժամը 20:00-ից 20:30-ի սահմաններում Հրազդանի թիվ 26/17 ընտրատեղամասում տեղի է ունեցել դիտորդ Հասմիկ Նավասարդի Միքայելյանի և ԶԼՄ ներկայացուցիչ Գոհար Մուշեղի Մանուկյանի լիազորությունների իրականացման խոչընդոտում՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը լուսանկարելը արգելելու, նրանց վրա բղավելու և ընտրատեղամասից հեռացնելու սպառնալիքի եղանակով, ապա՝ այդ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնում նախապատրաստված նյութերով 31.10.2018թ. որոշում է կայացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

 

 

Այս թեմայով
am