«Մոսկվան ոչինչ չգիտի». Լավրովը մեկնաբանել է ռուս-ավստրիական լրտեսական սկանդալը

Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է պաշտոնական Վիեննայի վերջին հայտարարությունները, ըստ որոնց՝ Ավստրիայի ԶՈւ-ի նախկին գնդապետերից մեկը տարիներ շարունակ լրտեսությամբ է զբաղվել Ռուսաստանի օգտին:

Ինչպես հաղորդում է RT հեռուստաալիքը, Լավրովը հայտարարել է, որ Մոսկվայում այդ մասին տեղեկություն չունեն:

ՌԴ ԱԳ նախարարը խոստովանել է, որ տվյալ նորությունն իրեն «տհաճ կերպով զարմացրել է»:

«Ըստ միջազգային շփման նորմերի՝ պետք է ուղիղ կերպով պարզաբանման հարցում կատարել: Ցավոք, վերջին շրջանում մեր արևմտյան գործընկերները սովորություն են դարձրել գործել ոչ թե ընդունված կարգին համապատասխան, այլ ըստ մեգաֆոնային դիվանագիտության՝ հրապարակայնորեն մեղադրելով մեզ, պահանջելով հրապարակային պարզաբանումներ տալ ինչ-որ հարցերի վերաբերյալ, որոնց մասին մեզ ոչինչ հայտնի չէ», - ասել է Լավրովը:

Ավելի վաղ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Ռուսաստանի օգտին լրտեսության համար կասկածվող ավստրիացի նախկին բարձրաստիճան զինվորականը ձերբակալված է, նրա դեմ գործ է հարուցվել: 

Կուրցը նշել է, որ առկա տվյալների համաձայն՝ ԶՈւ-ի նախկին գնդապետը հօգուտ Ռուսաստանի լրտեսական գործունեություն է ծավալել 1990-ականներից սկսած ընդհուպ մինչև 2018 թվական:

Նշվում է, որ գնդապետին հանձնարարված էր տեղեկություններ հավաքել ավստրիական ռազմաօդային ուժերի, հրետանային համակարգերի, միգրացիոն ճգնաժամի, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան զինվորականների վերաբերյալ: 

Հայտնի է, որ գնդապետն ամեն երկու շաբաթը մեկ կապ էր հաստատում ռուսական կողմի, մասնավորապես՝ Յուրի անունով մեկի հետ:

 

Մինչդեռ Kronen Zeitung պարբերականը գրում է, որ արդեն թոշակի անցած գնդապետը Մոսկվայի համար աշխատելու դիմաց 300.000 եվրո  է ստացել: Սակայն աղբյուրը չի մանրամասնում՝ գումարն ամսեկան է վճարվել, թե՝ տարեկան:

Ավստրիայում ՌԴ դեսպանատունն ու արտաքին հետախուզության ծառայությունը հրաժարվել են մեկնաբանել տեղեկությունը:

Հիշեցնենք, որ Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կարին Քնայսլն այս առիթով չեղարկել է իր ռուսաստանյան այցը:

Բացի այդ, այսօր արտգործնախարարություն է կանչվել երկրում ՌԴ դիվանագիտական ներկայացուցիչը:

 

 

Այս թեմայով
am