300.000 եվրո՝ աշխատանքի դիմաց. Ավստրիայում ձերբակալվել է 20 տարուց ավելի հօգուտ ՌԴ-ի լրտեսած նախկին գնդապետը

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Ռուսաստանի օգտին լրտեսության համար կասկածվող ավստրիացի նախկին բարձրաստիճան զինվորականը ձերբակալված է, նրա դեմ գործ է հարուցվել: Կանցլերն այս մասին գրել է Twitter-ի իր պաշտոնական էջում:

Կուրցը նշել է, որ առկա տվյալների համաձայն՝ ԶՈւ-ի նախկին գնդապետը հօգուտ Ռուսաստանի լրտեսական գործունեություն է ծավալել 1990-ականներից սկսած ընդհուպ մինչև 2018 թվական:

«Ներկայում դա միայն կասկածանք է, որը պետք է հետաքննել ու պարզել՝ այնկհաստատվի՞, թե՞ ոչ», - նշել է Կուրցը՝ հավելելով, որ իր կարծիքով՝ կասկածը, այնուամենայնիվ, կհաստատվի:

Հայտնի է նաև, որ Ավստրիան մանրակրկիտ տեղեկություններ է պահանջել Ռուսաստանից ձերբակալված կասկածյալի մասին:

Ինչպես հայտնում է ria.ru-ն, գնդապետին հանձնարարված էր տեղեկություններ հավաքել ավստրիական ռազմաօդային ուժերի, հրետանային համակարգերի, միգրացիոն ճգնաժամի, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան զինվորականների վերաբերյալ: 

Հայտնի է, որ գնդապետն ամեն երկու շաբաթը մեկ կապ էր հաստատում ռուսական կողմի, մասնավորապես՝ Յուրի անունով մեկի հետ: Հայտնի է, որ գնդապետը Մոսկվայի համար աշխատելու դիմաց 300.000 եվրո  է ստացել:

Ավստրիայում ՌԴ դեսպանատունն ու արտաքին հետախուզության ծառայությունը հրաժարվել են մեկնաբանել տեղեկությունը:

Հիշեցնենք, որ Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կարին Քնայսլն այս առիթով չեղարկել է իր ռուսաստանյան այցը: Բացի այդ, այսօր արտգործնախարարություն է կանչվել երկրում ՌԴ դիվանագիտական ներկայացուցիչը:

 

 

Այս թեմայով
am